211652_close_icon
views-count2941 դիտում article-date 14:35 25-04-2019

Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրենքի նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Առաջարկվում է բացառություն սահմանել հիմնադրամներից «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի համար, որպեսզի այս հիմնադրամը չկատարի այն վճարումները, որոնք նախատեսված են ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցումների համար: Հիմնավորվում է հետևյալ պատճառաբանությամբ, որ այստեղ ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական, սոցիալական խնդիր է, որ այս հիմնադրամն այդ վճարումները չկատարի: Մենք առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս օրենքում այդպիսի փոփոխություն կատարելուց, և նման տարբերակված մոտեցում չցուցաբերել հիմնադրամների համար, որովհետև հիմնադրամները կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունն են, որոնք հետապնդում են հանրօգուտ նպատակներ»,- ասաց Զեյնալյանը:

Նմանատիպ նյութեր