211652_close_icon
views-count811 դիտում article-date 21:12 26-04-2019

ԵՊԲՀ-ում մեկնարկել է «Կլինիկական հետազոտությունների հետքերով» խորագրով միջոցառումների շարքը

ԵՊԲՀ-ում այսօր մեկնարկեց «Կլինիկական հետազոտությունների հետքերով» խորագրով միջոցառումների շարքը: Հանդիպման ընթացքում կլինիկական հետազոտությունների կարևորության, տեսակների և իրականացման մեթոդների մասին զեկուցումներով հանդես եկան ոչ միայն բժշկական համալսարանի մի շարք մասնագետներ, այլև ԱՄՆ-ից: Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը նախքան զեկուցումների ներկայացումը, ողջունելով ներկաներին նշեց, որ ուրախ է նման միջոցառման անցկացման համար՝ շեշտելով, որ այն բավական նուրբ թեմա է, ինչը թույլ է տալու Հայաստանում ևս ձևավորել պատշաճ կլինինական հետազոտությունների իրականացման նոր հարթակ։ ԵՀՄ նախագահ, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանը ներկայացրեց Երիտասարդ հետազոտողների միության կողմից իրականացված հարցման արդյունքները, որի նպատակն էր հասկանալ ՝ ինչպիսին է տեղեկացվածության մակարդակը բժշկական ոլորտի ներկայացուցիչների շրջանում: Մարիամ Մովսիսյանը նախքան թվային տվյալներին անդրադառնալը՝ նշեց, որ հարցումը անցկացվել է երկու փուլով ՝ հայերենով, որին բոլոր ցանկացողները կարողացել են մասնակցել, և անգլերենով, որին մասնակցել են ավելի խորը գիտելիքներ ունեցողները: Այնուհետև NDA խորհրդատվական խորհրդի անդամ, Օնկորդ ընկերության հիմնադիր, Սյուզան Ջերյան և Օնկորդ ընկերության փոխնախագահ Դեյվիդ Եսայան հանդես եկան «21-րդ դարի հնարավորությունները. Կլինիկական հետազոտությունները Հայաստանում» թեմայով զեկուցմամբ, որի ընթացքում ներկայացրին կլինիկական փորձարկումների իրականացման փուլերը, մեթոդներն ու ազդեցությունը պացիենտի վրա, ինչպես նաև դրա կարևորությունը հետազոտողի համար։ Վերջիններս շեշտեցին, որ նման հետազոտությունները դրական ազդեցություն են թողնում հազարավոր մարդկանց կյանքում ՝ խոսելով մի շարք առավելությունների մասին: Հաջողված զեկույցներով հանդես եկան նաև «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Հմայակ Սիսիակյանը, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Ոսկանյանը,  ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան՝ կիսվելով Հայաստանում իրականացված կլինիկական հետազոտությունների իրենց փորձերով: Նշենք, որ սեմինար-քննարկումները կշարունակվեն նաև ապրիլի 29-ին և 30-ին։ Առավել խորը գիտելիքներ կփոխանցվեն ծրագրում ներառված հարցերի վերաբերյալ, իսկ մայիսի 2-ին ԱՄՆ-ից ժամանած փորձագետները համալսարանի աշխատակիցների համար կիրակացնեն խորհրդատվություն հետազոտական աշխատանքների ճիշտ և արդյունավետ իրականացման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր