211652_close_icon
views-count1414 դիտում article-date 20:23 07-05-2019

ԵԿՄ-ն շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ

Հարգելի´ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ: Շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ: Մեր ժողովրդի համար մայիսը միշտ հաղթանակների ամիս է եղել: Թե´ Ավարայրի ճակատամարտը, թե´ 1918-ի Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերը փառքով են գրվել մեր պատմության մեջ: Անչափ կարևորում ենք 74 տարի առաջ մեր պապերի`ֆաշիստական Գերմանիայի դեմ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, կրկնակի հպարտության առիթ է 1992-ին Շուշիի հաղթական ազատագրումն ու Արցախի Պաշտպանության Բանակի ստեղծումը: Խորհրդանշական է, որ մայիսյան հաղթանակները հենց Երկրապահի օրով են սկսվում մեր տոնացույցում: Այս տոնը մենք` երկրապահներս, վաստակել ենք մեր անձնուրաց պայքարով, հայրենիքի հանդեպ նվիրումով, մեր արյան ու մեր զինակից ընկերների թանկ կյանքի գնով: Մայիսի 8-ին, փառաբանելով մեր նահատակված ընկերներին, մեզնից յուրաքանչյուրը հպարտությամբ է հիշում իր անցած պատերազմական ուղին: Այս պատերազմում մեր հաղթանակի գրավականը մեր համազգային համախմբվածությունն էր: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր . «Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա»: Մենք մեր սուրբ պարտքը փառքով կատարեցինք: Այսօր էլ հպարտությամբ ամրագրելով ազատամարտում մեր տարած փառավոր հաղթանակը` վստահորեն կարող ենք ասել, որ այո´, արդեն մենք ապրում ենք այն երկրում, որի մասին երազել է ամեն մի հայ իր կռիվը տալիս, և հանուն մեր երկրի անառիկության, հանուն ազատագրված Արցախի դարձյալ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում խաղաղություն պարտադրելու մեր թշնամիներին: Մայիսի 8-ը նաև ստեղծարար աշխատանքով իր հայրենին շենացնող հայի տոնն է, սահմանում կանգնած հայ զինվորի տոնն է, Եռաբլուրում հանգչող մեր ընկերների տոնն է, և, վերջապես, Սպարապետի և մե′ր տոնն է: Փա´ռք Երկրապահին ու ԵԿՄ հիմնադիր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանին: Մեծ խոնարհում մեր բոլոր նահատակ ընկերներին: Փա´ռք ազատամարտիկներին: Փա´ռք հայ ժողովրդին: [b] ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր