211652_close_icon
views-count16065 դիտում article-date 19:54 08-05-2020

Համախմբվածությամբ մենք տարանք այդ մեծ հաղթանակը. Սասուն Միքայելյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա և մայիսյան տոների առթիվ

Շնորհավորական ուղերձ Երկրապահի օրվա եւ մայիսյան տոների առթիվ Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ. Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների օրվա առթիվ: Հպարը եմ եւ ուրախ մեր հաղթանակներով, մեր ձեռքբերումներով: 1992թ. մայիսի 8-ը նշանակալի էր պատերզամի դաշտում կռվողներիս համար: Մենք փառքով ազատագրեցինք Շուշին: Եվ այսօր, ահա ՀՀ պետական տոնացույցում ընդգրկվել է մայիսի 8-ը որպես երկրապահի օր: Հպարտ կլիներ Վազգեն Սարգսյանը, ով միշտ կրկնել է. «այսօր սփոփվեք, խնդրում եմ, նրանով, որ մենք՝ ձեր որդիներն ու թոռները, ձեր օրինակով ու ոգով դաստիարակված, նույն մայիսի 9-ին, բայց արդեն 1992թ. ազատագրեցինք հայոց պանծալի Շուշի քաղաքը»: Այո՛, դարավերջին պարտադրված պատերազմում հաղթեց համայն հայությունը: Համախմբվածությամբ, զենքով, բահով, գրչով, ցրտին ու սովին դիմանալով մենք տարանք այդ մեծ հաղթանակը: Մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ պատերազմի օրերին մեծ բաժինը կամավորական ջոկատներին հասավ: Երկրապահ կամավորականները իրենց ուսերին վերցնելով հայրենիքի սահմանների պաշտպանության գործընթացի հիմնական պատասխանատվությունը՝ ամրագրեցին նոր՝ փառահեղ հաղթանակ: Մեծ է կորստի ցավը, բայց հայրենիքի պաշտպանության գործում յուրաքանչյուրս գիտակցում էինք, որ մահը մեր կողքին է: Մենք գլուխ ենք խոնարհում մարտի դաշտում հերոսաբար ընկած մեր բոլոր քաջերի, մեր ընկերների շիրիմների առջեւ: Ինչպես մեծն բանաստեղծ Թումանյանն է ասել. «Մենք փառքեր ունենք թաղած հողի տակ»: Փա՛ռք Ձեզ նահատակված եղբայրներ, Փա՛ռք Ձեզ ազատամարտիկներ, զինվորներ: Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը եւ այսօր էլ բանակի կողքին է, զինվորի թիկունքին: Երկրապահը հավատարիմ մնալով ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամին միշտ կանգնելու է Հայաստանի եւ Արցախի սահմաններին: «Թող բոլորն իմանան, որ արհավիրքներով ու պատերազմով անցած հայ ժողովուրդը շարունակում է մնալ բարձր կուլտուրայի եւ մշակույթի ժողովուրդ, որ անխախտելի պաշտպանությամբ եւ բարձր մշակույթով ու գիտությամբ է պայմանավորված մեր երկրի ապագան, որ մեր պատմության հազարամյա ճանապարհին մենք չենք սպառել հավատքի ու խանդավառության պաշարները եւ 21-րդ դար ենք մտնելու բոլոր իմաստներով հաղթանակած, կուռ, միասնական»,-մենք երկրապահներս վստահեցնում ենք, որ Սպարապետի այս խոսքերն այսօր էլ, վաղն էլ արդիական են լինելու եւ արդարացված: Տո՛նդ շնորհավոր հաղթանակած, միասնական հայ ազգ, Տո՛նդ շնորհավոր Սպարապետ, Տո՛նդ շնորհավոր, երկրապահ ժողովորդ: Սիրելի՛ երկրապահ հայ ժողովուրդ, Թե´ Ավարայրի ճակատամարտը, թե´ 1918-ի Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերը  փառքով են գրվել մեր պատմության մեջ:  Անչափ կարեւորում ենք  75 տարի առաջ մեր պապերի` ֆաշիստական Գերմանիայի դեմ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992-ին Շուշիի հաղթական ազատագրումն  ու  Արցախի Պաշտպանության Բանակի ստեղծումը: Երկրապահական ջոկատների հիմքի վրա, պատերազմի շնչում Բանակ ստեղծած մեր սերունդն ունեցել է լուրջ ձեռքբերումներ, հաղթանակներ: Հայ ազգը, որ բազմիցս ապացուցել է պայքարող է, անպարտելի է, անկոտրուն, միասնական դեռ աշխարհին ցույց է տալու իր միասնության ուժը: Մենք կհասնենք արդարության ամեն հարցում, մենք կհաղթենք դժվարություններ, մեր երեխաները, թոռները կհպարտանան իրենց նախնիներով, ինչպես մենք ենք հպարտանում մեր պապերով, ծնողներով: Սիրելի՛ հայ ժողովուրդ, «Հայը» միայն ազգություն չէ, «հայը» կոչում է՝ բարձր կոչում: Փա´ռք  հայ ժողովրդին, Փա´ռք  ազատամարտին, Փա´ռք Երկրապահին ու ԵԿՄ հիմնադիր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանին. Քո գործը մեծ է Սպարապե՛տ, 21-րդ դարը մերն է: [b]ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյան[/b]

Նմանատիպ նյութեր