211652_close_icon
views-count1871 դիտում article-date 10:40 09-05-2019

Հերոսները տարբեր են լինում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1992 թ. մարտի սկզբին Ստեփանակերտում մեր տարբեր ջոկատներին պետք է բաժանվեր խորհրդային նախկին 366-րդ գնդի տեխնիկան: Այդ օրերին, ի դեպ, ես առաջին անգամ տեսա այդ գնդի լեյտենանտ Սեյրան Օհանյանին: Զենքի «շահառուներից» մեկն էր Մոնթե Մելքոնյանի ջոկատը, որի հետ մենք՝ լրագրողներս, գնում էինք Մարտունի: Չգիտեմ՝ որքանո՞վ էր դժգոհությունն արդարացված, բայց ջոկատի տղաներին թվաց, որ նրանց տալիս են ոչ այնքան որակյալ տեխնիկա՝ այլ ջոկատների հետ համեմատած, և նրանց շարքերում տրտնջացող ձայներ լսվեցին: Մոնթեն (որին զինվորները Ավո էին անվանում), իսկույն կանխեց այդ տրտունջները՝ մի քանի անգամ կրկնելով՝ «իսկապե՛ս ամոթ է» և հետո հրահանգեց վերցնել այն, ինչ տալիս են, տեղափոխել և եթե տեղում՝ Մարտունիում անհրաժեշտություն առաջանա, վերանորոգել այդ տեխնիկան: Հերոսին ես այդպես եմ պատկերացնում՝ զուսպ, առանց պաթոսի, առանց անձնական ինքնահաստատման ճիգերի: Ցավոք, ոչ բոլոր հերոսներն են այդպիսիք՝ խաղաղ ժամանակ նրանցից շատերն իրենց վատ են դրսևորում: Մոնթեի վրա չեմ կասկածում, նա կապրեր Հայաստանի սովորական քաղաքացու համեստ կյանքով՝ այնպես, ինչպես ապրում է 1992-94թ. պատերազմի մասնակիցների մեծ մասը: Այդ մարդիկ իրենց «երկրապահ», «ֆիդայի» կամ «ազատամարտիկ» չեն համարում: «Պատերազմի ժամանակ ծառայել եմ հայկական բանակում», – ասում են նրանք և, որպես կանոն, որևէ ցանկություն չեն ունենում զարգացնելու այդ թեման: Պապս, որ պատերազմն ավարտել է Ռայխսթագի պատերի մոտ, երբեք չէր խոսում պատերազմի մասին, նաև ցուցամոլություն էր համարում մարտական պարգևները փողոցում կրելը, իր շքանշանները հագնում էր միայն այն ժամանակ, երբ պետք է գնար որևէ պաշտոնյայի մոտ՝ մարդկանց անարդարությունից պաշտպանելու համար: Իմ դասախոսներից Էդուարդ Փաշինյանը, որը կռվել էր լեգենդար Թամանյան դիվիզիայում, մեզ՝ ուսանողներիս հետ զրուցում էր հազար ու մի թեմաներից, բայց պատերազմի թեման մշտապես շրջանցում էր: Այնպես որ՝ հերոսները կամ պարզապես պատերազմների մասնակիցները խիստ տարբեր են լինում: Բայց այսօր բոլորի տոնն է՝ թե՛ այն մարդկանց, ովքեր մշտապես պարկեշտ են մնացել, թե՛ նրանց, ովքեր սայթաքել են, չեն դիմացել զանազան գայթակղությունների: Իմ միակ պետական պարգևը՝ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալը ես ստացել եմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ձեռքից: Անկախ նրանից, թե ինչ մեղադրանք է հիմա նրան առաջադրվել, անկախ նրանից՝ Օհանյանի մեղքը կապացուցվի, թե չէ, նրա ձեռքից պարգև ստանալը ես պատիվ եմ համարում: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր