2002 դիտում
10:40 10-05-2019
Պետության պատմության մեջ «սպիտակ բծեր» չեն կարող լինել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Ինձանից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, նրա վարկանիշը, բոլորս գիտենք։ Հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել նախագահ բառը, որովհետև նրանք երբևէ չեն ընտրվել որպես նախագահ»,- երեկ ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Երկրորդ նախագահի «ընդդիմադիր» հավակնությունների մասին լրագրողի հարցին: Առաջին դիտարկումն ինձ ճիշտ է թվում, բայց դրա մասին՝ վաղը: Իսկ անվանե՞լ, թե՞ չանվանել նախագահ Երկրորդ և Երրորդ նախագահներին՝ հիմք ընդունելով, որ նրանք չէին ընտրվել, այս հարցին կփորձեմ նայել, այսպես ասած, պատմական հայացքով:
Կար մի կարկառուն բոլշևիկյան գործիչ՝ Լև Տրոցկի, որն իրենց հեղափոխության գլխավոր «շարժիչներից» մեկն էր և Կարմիր բանակի ճարտարապետը: Լուսանկարներում նա պատկերվում էր այլ բոլշևիկների կողքին: Բայց երբ նրա և Ստալինի միջև հակասություններ առաջացան, լուսանկարներում նրա գլխի փոխարեն սպիտակ բիծ հայտնվեց: Այնուհետև այդ սպիտակ բծերը շատացան. «բացակայեցին» Զինովևը, Կամենևը, Բուխարինը և այլք: Հարյուրավոր այլ լուսանկարների վրա նույնպես հայտնվեցին բազմաթիվ սպիտակ բծեր՝ գուցե ոչ այնքան հայտնի և բարձրաստիճան բոլշևիկների «բացակայող» դեմքերի փոխարեն: Սպիտակ բծերի միջոցով հակառակորդներին կամ անհաճո մարդկանց «մոռացնել տալը» հնուց եկող ավանդույթ է, և դա կապ չունի այն հանգամանքի հետ, թե որքանով էին այդ բացակայողները ճիշտ կամ սխալ:
Մինչև 1998 թվականը Արցախյան ճակատում մեր հաջողությունները պայմանավորվում էին, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումով, քանի որ նա Հայաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարն էր, և դա այսօր էլ է ինձ անառարկելի պատմական ճշմարտություն է թվում: 98-ից հետո Քոչարյանը և նրա կողմնակիցները (մասնավորապես՝ Դաշնակցությունը) փորձում էին ապացուցել, որ բոլոր հաջողությունները ձեռք են բերվել ի հեճուկս Տեր-Պետրոսյանի, որ Առաջին նախագահն ամեն ինչ հանձնում էր, իսկ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ ամեն ինչ ազատագրում, ինչը, կարծում եմ, հակասում է պատմական իրողություններին: Հիմա, պատմական անիվի հերթական շրջապտույտից հետո, պաշտոնական տեսակետը դարձյալ փոխվում է 180 աստիճանով՝ Առաջին նախագահն ազատագրում էր, Երկրորդն ու Երրորդը՝ «ծախում», և դա, իմ համոզմամբ, դարձյալ պատմականորեն սխալ գնահատական է:
Հիմա ստացվում է, որ 20 տարի Հայաստանը նախագահ չի ունեցել, և այն մարդիկ, որոնք միջազգային պայմանագրեր են ստորագրել, օրենքներ են վավերացրել, հրամանագրեր են ստորագրել, իրականում «դե ֆակտո» նախագահ չէին: Բայց պետության պատմությունը շարունակական գործընթաց է, այստեղ «սպիտակ բծեր» չեն կարող լինել:
Ի դեպ, ինչպե՞ս վարվել Տեր-Պետրոսյանի դեպքում, որը 1991-ին ընտրվել էր, իսկ 1996-ին, շատերի կարծիքով, չէր ընտրվել»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1015 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»