211652_close_icon
views-count4763 դիտում article-date 23:12 11-05-2019

Ռաֆայել Թեյմուրազյան. Մխիթարյանի միջոցով միլիոնավոր մարդիկ իմանում են հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին՝ ամենևին էլ ոչ Ադրբեջանի ուզած լույսի ներքո

Ռաֆայել Թեյմուրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Reddit ցանցում վերջին ժամերին քննարկվող թոփ լուրն Արցախի հարցն է, Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Հայոց ցեղասպանությունը, պարտադրված պատերազմում Արցախի հաղթանակը և այլն։ Տարածվում է Արցախի դե ֆակտո քարտեզը, իսկ այս ամենը տեղի է ունենում Արցախի Հանրապետության զինանշանի նկարի տակ։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը հերթական անգամ չի երաշխավորում Արսենալի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը՝ Բաքվում Եվրոպայի լիգայի՝ Չելսիի հետ կայանալիք եզրափակիչ խաղին մասնակցելու համար։ Ուշադրության է արժանացել հանգամանքը, որ Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Հայաստանի տարածք բաց է, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն արգելում է ՀՀ քաղաքացիների, այլև անգամ այլ երկրի քաղաքացի էթնիկ հայերի մուտքը։ Մարդիկ զարմանում են, թե ինչո՞ւ է ՈՒԵՖԱ-ն առհասարակ այդ որակի երկիր ընտրել եզրափակիչ խաղի համար։ Զայրանում են, երբ պարզում են, որ Եվրոպայի 2020թ առաջնության եզրափակիչ փուլի ընդունող քաղաքներից մեկն էլ Բաքուն է։ Բաքուն քարոզչական նպատակներով հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել, նաև հենց նույն ֆուտբոլում՝ փորձելով եվրոպացի ֆուտբոլասերների շրջանակում Արցախի կոնֆլիկտը ներկայացնել իր ուզած լույսի տակ։ Ու հիմա Մխիթարյանի միջոցով միլիոնավոր մարդիկ իմանում են հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին՝ ամենևին էլ ոչ Ադրբեջանի ուզած լույսի ներքո (ընդ որում, խոսքը հիմնականում մարդկանց այն շերտի մասին է, որոնք այլ կերպ չէին տեղեկանա դրա մասին)։ Նախկինում էլ Մխիթարյանն իր թիմի հետ Բաքու չի մեկնել՝ դարձյալ անվտանգության նկատառումներով, բայց այս անգամ այն շա՛տ ավելի աղմկոտ է ստացվում։ Պատճառը թերևս այն է, որ Հայաստանն արդեն բոլորովին այլ հարթության վրա է ներկայանում աշխարհին, ու ֆուտբոլիստ Մխիթարյանի դեպքը դառնում է Ադրբեջանի վրա դիվանագիտական ճնշման լավ գործիք։ Եթե անգամ ճնշումը բավարար չլինի, որպեսզի Ադրբեջանն այս անգամ պաշտոնապես երաշխավորի Մխիթարյանի անվտանգությունը, համենայն դեպս ստիպված է լինելու ինչ-որ կերպ մտածել ապագայում նման կեցվածքը վերանայելու մասին։ Արդեն իսկ այդ երկիրը հայտնվել է պաշտպանվողի, արդարացողի դերում՝ խիստ բացասական լույսի ներքո»։

Նմանատիպ նյութեր