211652_close_icon
views-count2071 դիտում article-date 12:57 16-05-2019

Առաջին դասարանցիների 80 %-ը գրանցվել է առցանց համակարգում. ԿԳ փոխնախարար

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն անդրադարձավ առաջին դասարանցիների առցանց համակարգի ներդրմանը։ Հիշեցնենք, որ երեկ բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողացել առցանց գրանցել իրենց երեխաներին։ «Կանխատեսվում է, որ 2019-2020 ուստարվա համար կլինի շուրջ 13 հազար առաջին դասարանցի, իսկ տեղերը նախատեսված են հնարավոր 14 հազար առաջին դասարանցիների համար: Այսօր ժամը 10:45-ի դրությամբ՝ առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա: Տեխնիկական խնդիր ունենք շուրջ 100 երեխաների հետ կապված, որը պայմանավորված է նրանով, որ երեկ առավոտյան՝ ժամը 09:10-ից մինչև 09:25-ը, խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով, ու այս տեխնիկական խնդիրը բերել է նրան, որ ամբողջ համակարգով հնարավոր չի եղել գրանցում կատարել, սակայն տեխնիկական խնդիրները արագ հարթվել են, ու 09:25-ից համակարգն աշխատել է բնականոն ձևով»,- ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ այսօրվա դրությամբ առաջին դասարանցիների շուրջ 75-ից 80 տոկոսը հայտագրված է: «ժամը 09:00-ից մինչև 09:15-ն ընկած ժամանակահատվածում 217 հազար քլիք անընդհատ միաժամանակ եղել է, որը բերել է համակարգի ծանրաբեռնվածության: Եղել է դպրոց, որ մեկ մարդը 124 տեղն ամբողջությամբ զբաղեցրել է, քանի որ անընդհատ քլիք է արել, բայց բոլոր հնարավոր կրկնությունները վերացված են»,-ասաց նա, հավելելով, որ մեկ երեխայի համար 30 տարբեր IP-ներից փորձ են կատարել գրանցվել, սակայն առաջին գրանցված IP-ից բացի, մնացածը բլոկավորվել են: Արևիկ Անափիոսյանը նաև նշեց, որ կան դպրոցներ, որտեղ 09:10-ի դրությամբ բոլոր տեղերն արդեն լցված են եղել, սակայն այդ դպրոցներից օրվա ընթացքում մեկ-երկու բողոք է եղել, որ չեն կարողացել գրանցվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե քանի տոկոսն է խափանված եղել, իսկ փոխնախարարը պատասխանեց. «Եթե նայում ենք տոկոսային հարաբերակցությամբ՝ 0,7 տոկոսն է, որ խնդիր է ունեցել, միևնույն ժամանակ, 80 տոկոսը հնարավոր կանխատեսվող առաջին դասարանցիներից արդեն գրանցվել են, ինչը բավականին լավ ցուցանիշ է, ու մենք ստացել ենք բազմաթիվ շնորհակալություններ տարբեր դպրոցների և´ ուսուցիչներից, և´ տնօրեններից, և´ ծնողներից, ովքեր կարողացան, իրենց տանից դուրս չգալով, հայտագրել իրենց երեխաներին իրենց ցանկալի դպրոցում»:

Նմանատիպ նյութեր