211652_close_icon
views-count5751 դիտում article-date 12:39 20-05-2019

Դատավորի նկատմամբ ակնհայտ բռնություն է գործադրվել. Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Փաստաբան Հրանտ Անանյանը դատավոր Դավիթ Բալայանի հետ կապված միջադեպի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Այս մասին փաստաբանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են այսօր առավոտյան՝ ժամը 09-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրի մոտ նույն դատարանի դատավոր, դատական իշխանության ներկայացուցիչ Դավիթ Բալայանին խոչընդոտում մուտք գործել դատարանի շենք ու կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի կապակցությամբ ակնհայտ ու հստակ բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որի արդյունքում նա ընկնում է գետնին, իսկ այդ ընթացքում հավաքվածներից մեկը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին։ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Նույն օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ 3. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով»։ Նկատի ունենալով, որ նշված տեսանյութը պարունակում է ակնհայտ հանցագործության հատկանիշներ ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն վերոնշյալ հոդվածներով, ուստի խնդրում եմ հարուցել քրեական գործ, միջոցներ ձեռնարկել եւ մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության»,–նշել է նա։

Նմանատիպ նյութեր