211652_close_icon
views-count67864 դիտում article-date 15:42 21-05-2019

Գիտությունը 21-րդ դարում Մարս մոլորակում ջուր է հայտնաբերում, իսկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի քանի շենքերի նկուղներում հոսող ջուրը պատուհաս է դարձել բնակիչների համար. պատասխանատուներն ասում են. «Վթարի տեղը չենք գտնում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ Երևանում կան բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր, որոնք ունեն լուրջ խնդիրներ, դա գաղտնիք չէ։ Բայց որ պատկան մարմինների անուշադրության հետևանքով բազմաթիվ շենքեր դառնում են վթարային, դա նույնպես գաղտնիք չէ։ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 8-րդ, 10-րդ, 12-րդ և 14-րդ շենքերի բնակիչներն արդեն մի քանի տարի է, ուզում են շենքը փրկել գարշահոտությունից, նկուղներում առաջացած ջրից։ Այսօր՝ մայիսի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երկար տարիների պատմություն ունի այս խնդիրը։ Չգիտենք՝ որտեղից է ջուրը հոսում ու լցվում շենքի նկուղներով։ Առաջին հարկում բնակվողներն իրենց մաշկի վրա են զգում այս հակասանիտարական վիճակը։ Ում ասես՝ դիմել ենք՝ էլ թաղապետարան, էլ քաղաքապետարան, էլ «Արմենտել», քանի որ մեզ ասել են, որ դիտահորերը պատկանում են «Արմենտել»-ին, էլ «Վեոլիա Ջուր»։ Բոլոր տեղերից գալիս են, բախտագուշակ Մարոյի նման գուշակում են, թե ինչից կլինի, սակայն, որ խնդիրը պետք է լուծվի, մեկը մեկի վրա է գցում, ու դրա թերի աշխատանքի արդյունքում էս շենքերը կարճ ժամանակում դառնալու են վթարային, քանի որ ջուրը վնասում է շենքի հիմքերը։ Նույնիսկ չենք էլ իմանում՝ խմելո՞ւ ջուր է, թե՞ կոյուղաջուր, բայց որ գարշահոտություն է տիրում ու առաջին հարկի բնակիչների պատերն էլ ամբողջովին ցեցոտվել են, դա պարզ է։ Դեռ ամառը իր իրավունքների մեջ չի մտել, բայց արդեն ոչ դրսում է նստել լինում, ոչ էլ տանը։ Անտանելի հոտը խեղդում է։ Էրեխեքը դառել են մլակների զոհը։ Ո՞ւմ դիմենք, ո՞վ է այս խնդիրը լուծելու, չգիտենք։ Ասում են, թե վնասված տեղը չենք կարողանում գտնենք։ Էս ո՞րն դարն է, մարդիկ էս դարում Մարս մոլորակում են ջուր գտնում, իսկ էստեղ ասում են՝ տեղը չենք գտնում։ Եթե սրտացավ մոտեցում ցուցաբերվի, լավ էլ լուծում գտնվի։ Պարզապես սիրտները չի ցավում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ խնդրի վերաբերյալ տեղեկանալով՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի հանձնարարականով ժամանեցին թաղապետի տեղակալն ու կոմունալ բաժնի պետը։ Ժամանեցին նաև «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։ Վերջիններս բնակիչներին ցույց տվեցին իրենց կողմից սպասարկվող այն դիտահորերը և բացելով դիտահորերի կափարիչները՝ պարզվեց, որ այդ դիտահորերում ոչ մի խնդիր չկա։ Մնում է՝ Երևանի քաղաքապետարանն ու Շենգավիթ վարչակն շրջանի աշխատակազմի ղեկավարը հետամուտ լինեն, որպեսզի հատուկ սարքի միջոցով հետազոտեն այդ մի քանի շենքերի հատվածն ու դրա արդյունքում կգտնվի, թե որտեղից է ջուրը լցվում դիտահորերի մեջ ու արդեն դրանից հետո կարող են խնդիրը լուծել։ Բնակիչները հույսով են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը գործով կապացուցեն, որ, իրոք, իրավիճակ է փոխվել ու փոխվել է՝ ի շահ բնակչի, ոի այս թնջուկը վերջապես կլուծվի։ Հակառակ դեպքում կարճ ժամանակ անց շենքերը կդառնան վթարային, բնակիչներն էլ կհայտնվեն բաց երկնքի տակ ու ստիպված կսկսվեն արդարացի բողոքի ակցիաները, ու էդ ժամանակ պատկան մարմինները չփորձեն արդարանալ, թե իրենք տեղյակ չեն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր