211652_close_icon
views-count1319 դիտում article-date 10:01 25-05-2019

Վաստակավոր հայագետի խորհուրդը երիտասարդ պատմաբաններին․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական և վրացական հավաքածոների ղեկավար Լևոն Ավդոյանի պատվին Վաշինգոտնում կայացավ վերջինիս նվիրված երեկո: Դոկտոր Ավդոյանը շուրջ 40 տարի ղեկավարել է հայկական և վրացական հավաքածոների բաժինը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4931796.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հայոց պատմությունը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև տարածաշրջանի ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար, ասում է պատմաբան Լևոն Ավդոյանը, ով մոտ 40 տարի տնօրինել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական և վրացական հավաքածուները: Նրա գիտահետազոտական գործունեության, իրականացրած ծրագրերի ու դասախոսությունների շնորհիվ հայ մշակույթն ու պատմությունը իր ուրույն տեղն է զբաղեցրել աշխարհի ամենախոշոր գրադարանում: «Նրա գործունեության շնորհիվ բազմաթիվ մարդիկ հնարավորություն են ստացել ծանոթանալու հին ժամանակների պատմամշակութային եզակի նյութերի»,- ասում է երիտասարդ գիտնական Նոռա Լեսերսոնը: Օրերս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր Լևոն Ավդոյանի գործունեությանը նվիրված երեկո, ուր հավաքված նրա մտերիմ բարեկամներն ու գործընկերներն ընդգծում էին Ավդոյանի ժառանգության կարևորությունը հայագիտության ոլորտում: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանի խոսքերով անհնար է թերագնահատել այն ներդրումը, որ ունեցել է Ավդոյանը այս պաշտոնում: Նրա անմիջական ջանքերի շնորհիվ Կոնգրեսի գրադարանն այսօր ունի հայկական և վրացական պատմության և մշակույթի հարուստ հավաքածու: Տասնյակ հազարավոր սկզբնաղբյուրներ, պատմական նյութեր և փաստաթղթեր: Այս ամենն Ավդոյանի անձնուրաց գիտական աշխատանքի արգասիքն է: «Նա հարստացրեց Կոնգրեսի գրադարանը հայկական աղբյուրների ուշագրավ հավաքածուով՝ հավաքելով բազմաթիվ ձեռագրեր ու գրքեր ԱՄՆ-ի գլխավոր այս գրադարանում: Եվ սա այն գրադարանն է, որտեղ պահվում է ամեն մի հրապարակված նյութ: Ավդոյանը հայ մշակույթն ու պատմությունը դարձրեց Կոնգրեսի գրադարանի մաս»,- ընդգծում է Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը: «Դոկտոր Ավդոյանը մեր ազգային հարստությունն է: Նա ներկայացրել է հայ մշակույթն ու պատմությունը բազմաթիվ մարդկանց թե՛ կառավարությունում և թե՛ փորձագիտական և ակադեմիական շրջանակներին: Նա իրական հարստություն է մեր համայնքի համար»,- նշում է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Լեմոնն իր հերթին ընդգծեց, որ Ավդոյանի միջոցով ճանաչել է Հայաստանն ու հայ մշակույթը: Դեսպանը անգնահատելի է որակում Ավդոյանի ներդրումն այս ասպարեզում և մեծ կորուստ որակում նրա աշխատանքի դադարեցումը Կոնգրեսի գրադարանում «Ես հանդիպեցի Լևոնին այն ժամանակ, երբ անկեղծ ասած քիչ գիտեի Հայաստանի պատմության, քաղաքակրթության, մշակույթի, համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած դերի մասին: Նա բացեց իմ աչքերը, սակայն ավելի կարևոր է՝ իմ սիրտն ու միտքը»,- ասում է դեսպան Լեմոնը: Երկար տարիներ Կոնգրեսի գրադարանում աշխատելուց հետո ինքը Ավդոյանը վստահ է՝ ժամանակն է, որ նոր մարդիկ փոխարինեն նրան այս պաշտոնում: « Ես պատասխանատու էի հայկական և վրացական հավաքածոների համար 1992 թվականից, իսկ ոչ պաշտոնապես հայկական հավաքածուի համար՝ 1983 թվականից: Դա բավականին երկար ժամանակ է մի մարդու համար, ով ձևավորում է այս հավաքածուների փիլիսոփայությունը: Այժմ անհրաժեշտ են նոր մարդիկ, նոր գաղափարներ ու դեմքեր»,- նշեց Ավդոյանը: Կոնգրեսի գրադարանից իր հեռացումը սակայն չի ազդի նրա գիտահետազոտական աշխատանքի վրա: Ավդոյանը վստահեցնում է՝ հայոց պատմությունը շատ հարուստ է և պետք է հիմնվի գիտական շարունակական հետազոտությունների վրա, որոնց վերաբերյալ կան բազմաթիվ խորը ուսումնասիրության չենթարկված նյութեր։ «Հետազոտությունները շարունակվում են: Կան բազմաթիվ նյութեր գիտական ուսումնասիրության համար»,- նշում է նա Որպես պատմաբան և գիտնական նա խորհուրդ է տալիս երիտասարդ գիտնականների սերունդներին մշտապես օգտվել գրադարանային աղբյուրներից: «Մենք ունենք Կոնգրեսի գրադարանն ու այլ հաստատություններ: Հույս ունեմ գիտնականները կշարունակեն օգտվել այստեղ եղած նյութերից: Մի ապավինեք միայն համացանցին»,- եզրափակում է դոկտոր Ավդոյանը:

Նմանատիպ նյութեր