211652_close_icon
views-count1786 դիտում article-date 13:27 27-05-2019

Ներդրումային ծրագրի շնորհիվ Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին

Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը ներդրումային ծրագրի շնորհիվ կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին ու կվերագործարկվի։ «[url=https://armenpress.am/arm/news/976264.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 27-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը։ «Կապանի օդանավակայանը խորհրդային տարիներին օրական ունեցել է 10-12, իսկ հատուկ օրերին մինչև 16 չվերթ։ 2017թ. «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ը հիմնեց «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ն։ 2017թ. սեպտեմբեր ամսին Կապանի համայնքապետարանի և ընկերության միջև կնքվեց կոնցեսիոն պայմանագիր, որը նախատեսում էր վերագործարկել օդանավակայանը։ Արդյունքում ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան օդանավակայան, ներդրվելու են թռիչքատեխնիկական նոր համակարգեր»,- ասաց Թադևոսյանը։ Ծրագրի շրջանակներում ընդհանուր նախատեսվում է իրականացնել 2.3 մլրդ դրամի ներդրում, որից 800 միլիոնն արդեն արված է։ Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։

Նմանատիպ նյութեր