«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների արդյունքում հավաքագրել է ավելի քան 1 մլն դոլար
«Իմ քայլը» հիմնադրամը ԱՄՆ-ում ապրիլի սկզբին տարբեր կազմակերպությունների, անհատների հետ բազմաթիվ հանդիպումների արդյունքում հավաքագրել է 1 մլն 60 հազար դոլար:
Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, մամուլի ասուլիսում հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
«Արդյունքում հավաքագրել ենք 1 մլն 60 հազար դոլար, որից 500 հազարը կստանանք այն պարագայում, եթե ծրագրերը հավուր պատշաճի իրականացնենք 6 ամսվա ընթացքում: Պայմանը դրվել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի կողմից: Դրամահավաքը մեկանգամյա գործընթաց չէ, հանդիպում ենք, ներկայացնում անելիքները, որոշ մարդիկ արագ ենք արձագանքում, որոշներին անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն»,-ասաց նա:
Նա ներկայացրեց նաև, թե ինչ հանդիպումներ են ունեցել: Աննա Հակոբյանը` որպես երկրի ղեկավարի տիկին, ևս հանդիպումներ է ունեցել: Ըստ էության, հանդիպումը սկսել են Վաշինգտոնում հենց այդ կարգավիճակով: «Հանդիպումներ ենք ունեցել Կոնգրեսի գրադարանում, այնուհետև հանդիպում է եղել կոնգրեսականների հետ, որտեղ վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հադես է եկել ելույթով: Ունեցել ենք նաև համայնքային հանդիպումներ: Այնուհետև Բոստոնում կայացել է «Իմ քայլը» հիմնադրամին նվիրված երեկույթ: Լոս Անջելեսում տարբեր ձևաչափերով հանդիպումներ ենք ունեցել: Հիմնական հանդիպումը եղել է «Ալեքս» թատրոնում, որին մասնակցել են շուրջ 1500 մարդ: Հյուպատոսության 25-ամյակին նվիրված միջոցառմանը ևս մասնակցություն ենք ունեցել, տարբեր բնագավառներ ներկայացնող մարկանց և կազմակերպությունների հետ հանդիպումներ ենք ունեցել, քննարկել ենք համագործակցության եզրերերը»,-նշեց նա:
Նյու Յորքում հանդիպել են Հայկական բարեգործական ընդհանուր միության ակտիվ կանանց հետ, ներկայացրել են հիմնադրամի անելիքները: Հանդիպումներ են ունեցել նաև շատ այլ կազմակերպությունների և անհատների հետ:
Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ապրիլի սկզբին երկու հիմնադրամների գործադիր տնօրեների հետ ԱՄՆ էր այցելել :