1680 դիտում
10:54 01-06-2019
Եթե մարդը «մերոնքական» չի, ուրեմն նա «ժողովրդի հետ» չի և իրավունք չունի կարծիք արտահայտելու․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1792 թվականի սեպտեմբերին միապետության տապալումից հետո Փարիզում «հաղթանակած ժողովրդի» ներկայացուցիչները («Կոմունայի» ղեկավարները) որոշեցին, որ կենտրոնական իշխանությունը՝ Օրենսդիր ժողովը, չափից դուրս դանդաղկոտ է, չափից դուրս ներողամիտ է հակահեղափոխականների հանդեպ և, մասնավորապես, չի շտապում լուծել բանտերում հայտնված հակահեղափոխականների խնդիրը, քանի որ արդարադատության մարմիններում շարունակում են աշխատել թաքնված ռոյալիստները, և, հետևաբար, ժամանակն է, որ ժողովուրդն արդարադատության գործն իր ձեռքը վերցնի:
Այդ նպատակով հեղափոխականները ստեղծեցին պատժիչ զինված ջոկատներ, որոնց մեջ մտան Փարիզի ամենաաղքատ շերտերի ներկայացուցիչները, այդ ջոկատները ներխուժեցին բանտեր և իրականացրեցին իրենց արդարադատությունը: Նրանց, ովքեր արտաքինից նման էին ազնվականների և քահանաների, այդ մարդկանց սպանեցին միանգամից, մնացածին «դատեցին» իրենց գիտելիքների ու պատկերացումների շրջանակներում: Այդպիսով բանտերում, վանքերում և տարբեր այլ վայրերում սպանվեց 12-15 հազար մարդ: Հեղափոխության «պաշտոնական» իշխանությունը թեև չէր ողջունում նման գործելակերպը, բայց «ժողովրդի կամքին» դեմ չէր գնում:
Այժմ մենք ապրում ենք շատ ավելի հումանիստական դարաշրջանում՝ «ժողովրդի անունից» սպանություններ գործելը Հայաստանում փոքր խմբի նախասիրությունն է: Գումարած դրան՝ մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք և օգտագործում ենք գեղեցիկ բառեր ու բառակապակցություններ՝ «վեթինգ», «լյուստրացիա», «անցումային արդարադատություն»: Իրականում այդ տերմիններն ունեն, իհարկե, իրենց ճշգրիտ գիտական կիրառումը, բայց կարևոր է, թե ինչ է դրա տակ հասկանում մեր քաղաքացիների մեծամասնությունը: Մարդիկ վերցնում են ինչ-որ կայամական չափանիշ և դրա վրա առաջարկում են «վեթինգ» կամ «լյուստրացիա» անել: Օրինակ՝ ինչպե՞ս եք վերաբերվում մայիսի 20-ին վարչապետի կոչով դատարանների շրջափակմանը: Նրանք, ովքեր հիացմունք չեն արտահայտում այդ ակցիայի վերաբերյալ, միանգամից հայտնվում են «լյուստրացիոն ցուցակում»՝ «ահա տեսնում եք՝ բնական լյուստրացիա է գնում, որովհետև այդպիսով բացահայտվում են հեղափոխության թշնամիները»: Այդպես է ստուգվում նաև դատավորի թեկնածուի հավատարմությունը հեղափոխությանը. «Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դատարանների շրջափակմանը: Ա՜խ, դուք չե՞ք ողջունում: Ուրեմն, չեք կարող դատավոր աշխատել»:
Մարդիկ «լյուստրացիայի» կամ «վեթինգի» տակ հասկանում են սահմանազատում, բաժանում «մերոնքականների» և «օտարների»՝ վերջիններիս փորձելով օտարել, մեկուսացնել հասարակական կյանքից: Եթե մարդը «մերոնքական» չի, ուրեմն նա «ժողովրդի հետ» չի և իրավունք չունի կարծիք արտահայտելու: Լավ է, իհարկե, որ դրա համար հիմա չեն սպանում: Այնուամենայնիվ 21-րդ դար է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
26139 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
Այս բաժնից
1225 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
847 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»