211652_close_icon
views-count1354 դիտում article-date 09:59 04-06-2019

Ցանկացած իշխանության համար բենզինի բիզնեսը յուղոտ պատառ է. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մենաշնորհների դեմ պայքարի մասին խոսելիս մեկ անգամ չէ, որ կառավարությունը հպարտացել է, թե շատ կարճ ժամանակահատվածում աննախադեպ հաջողության է հասել։ Մի շարք գերկենտրոնացված շուկաներում խոշոր խաղացողների մասնակցությունն էապես նվազել է։ Որպես օրինակ՝ սովորաբար բերվում է շաքարավազի, բանանի և բենզինի շուկաները։ Սրանք այն շուկաներն են, որոնք միշտ էլ առանձնացել են բարձր կենտրոնացվածությամբ։ Տարիներ շարունակ ընդունված է եղել ասել, որ այդ շուկաներում գներն արհեստականորեն բարձր են ձևավորվում։ Այնպես չէ, որ այդ խոսակցություններն անհիմն են եղել, չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդպիսի դեպքեր երբևէ չի բացահայտել։ Թերևս դա է պատճառներից մեկը, որ հանձնաժողովի գործունեության նկատմամբ միշտ էլ հասարակության վստահությունը ցածր է եղել։ Ինչևէ, մինչ հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի շուկան, այստեղ սպասվում է մասնակիցների թվի համալրում։ Այդ մասին օրերս Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով. «Մոտակա կես կամ մեկ տարում կառուցվածքային փոփոխություններ տեղի կունենան։ Ենթադրում ենք, որ շատ շուտով շուկայում նոր խաղացող կհայտնվի, ինչը կհանգեցնի որոշ ընկերությունների օլիգոպոլ դիրքերի թուլացմանը»։ Այդպես էլ չենք կարողանում հաղթահարել տարիներով արմատավորված այն թեզը, որ խնդիրը մասնակիցների կամ նրանց զբաղեցրած դիրքի մեջ չէ։ Խնդիրը մրցակցային պայմաններ ապահովելու մեջ է։ Փոխարենը մտածելու այդ մասին, հիմա էլ կառավարությունը հույսը դրել է նոր ընկերության վրա, որը պիտի գա ու կփոխի բենզինի շուկան։ Ժամանակին նման իրավիճակի մեկ անգամ արդեն բախվել ենք։ Եկավ «Մաքս Պետրոլը»։ Կարճ ժամանակ անց գները բավական կտրուկ նվազեցին։ Թվում էր, թե եկել է բենզինի ոլորտում իրական մրցակցություն հաստատելու ժամանակը։ Սակայն պարզվեց՝ այդպես չէ, գործ ունենք շուկայի սովորական վերաբաշխման հետ։ Որոշ ժամանակ անց ամեն ինչ վերադարձավ նախկին վիճակին։ Պարզապես շուկայի մասնակիցների թիվն ավելացավ մեկով, իսկ մյուսների մասնաբաժինն այս կամ այն չափով կրճատվեց։ Բայց դրանից շուկայի մրցակցային իրավիճակն այդպես էլ չփոխվեց։ Ոչինչ չշահեց նաև սպառողը։ Ոչ մի հիմք չկա պնդելու, որ նույնը չի կրկնվի հերթական անգամ, և ամեն ինչ չի ավարտվի միայն շուկայի վերաբաշխմամբ կամ նույնիսկ որոշ ընկերությունների դուրսմղմամբ։ Նման միտումներ կարծես արդեն նկատվում են։ Ցանկացած իշխանության համար բենզինի բիզնեսը յուղոտ պատառ է, որի կողքով անհնար է անտարբեր անցնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր