211652_close_icon
views-count2367 դիտում article-date 22:28 05-06-2019

Սերգեյ Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Հունիսի 4-ին բրիտանական Watford Colosseum-ում կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (London Symphony Orchestra, LSO) հերթական համատեղ ձայնագրությունը, որի արդյունքում հանրահայտ Naxos պիտակի ներքո թողարկվելու է ձայնասկավառակ։ Ուշագրավ է, որ մաեստրո Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ի թիվս այլ գործերի ձայնագրել են նաև Արամ Խաչատրյանի Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից և Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը։ Աննախադեպ երևույթ է, որ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Սերգեյ Սմբատյանի գործունեության նպատակներից է աշխարհում հանրայնացնել հայկական երաժշտական ժառանգությունը, և LSO-ի հետ այս ձայնագրությունը նույնպես այդ նպատակին միտված քայլերից է։ Հիշեցնենք, որ դիրիժոր Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի նախորդ համատեղ ձայնագրությունը կայացել էր այս տարվա ապրիլին։ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սմբատյանի ձայնագրությունների պրոդյուսերն է «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը, ով իրականացնում է աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտների, կոլեկտիվների ձայնագրությունները: Նրա ձայնագրություններն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների և ներկայացված են ամենուր՝ աշխարհում դասական երաժշտության հավաքածուների վաճառքի լավագույն հարթակներում։ LSO-ն աշխարհի լավագույն նվագախմբերից է։ Այն հիմնադրվել է 1904 թվականին։ Նվագախմբի հետ սերտորեն համագործակցել են աշխարհահռչակ այնպիսի դիրիժորներ, ինչպիսիք են Կլաուդիո Աբբադոն, Լեոնարդ Բերնստայնը, Կարլ Բյոմը և այլք։ Ձայնագրությունից մի հատված կարող եք դիտել հետևյալ [url=https://drive.google.com/file/d/1VaOeagGt8J4MksTbKj2VxhvJ1J64QSxg/view?fbclid=IwAR0N-3eqj73lB4xb84vEMoj9yyOTqnxaP0TRCxt8FDc4gKc-hB4hOrTqvTc]հղմամբ:[/url]

Նմանատիպ նյութեր