82502 դիտում
23:40 13-06-2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 29–ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ժամանել է ՀՀ ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում 29-ամյա Պետրոս Կոշկարյանը իր վարած Ford Transit մասկնիշի 23 OO 813 համարանիշի ավտոմեքենայով Վաղարշյան փողոցից դեպի Հովսեփ Էմին փողոցի խաչմերուկ տանող հատվածում՝ Դավիթաշենի կամուրջ չհասած, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը, ով կլիներ 50-55 տարեկան կին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Համզոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վարորդի ինքնազգացողությունը վատացավ և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության թիվ 14 բրիգադը տեղում բուժօգնություն ցուցաբերեց վարորդին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+