211652_close_icon
views-count3167 դիտում article-date 10:39 18-06-2019

«Նա­ի­րիտն» աճուր­դով կվա­ճառ­վի. գոր­ծա­րա­նի հա­մա­կար­գող խմբին քննարկ­մա­նը չեն հրա­վի­րել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Նաիրիտ» քիմիական գործարանն աճուրդի է հանվել: Աճուրդը կկայանա հունիսի 25-ին: Գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար: Օրերս էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գործարանի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում, որի ընթացքում գործարանի սնանկացման գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը հակիրճ ներկայացրեց սնանկացման գործընթացը: Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ շատ բացասական է վերաբերվում գործարանն աճուրդով վաճառելու որոշմանը: Բացի այդ, նրա համար անհասկանալի է, թե ինչպես են առանձին արտադրամասերն աշխատելու: «Թե ինչ սխեմայով են պատրաստվում այդ առանձին արտադրամասերը բիզնես-ծրագրով աշխատեցնել, ինձ համար անհասկանալի է: Գործարանի արտադրամասերը փոխկապակցված են: Միայն մեկ արտադրամաս ունենք, որը կարող է առանձին գոյատևել: Դա քլորի արտադրությունն է, բայց նման քանակի քլոր արտադրել, ինչպես նախկինում, առանց կաուչուկի արտադրության վերաթողարկման, անհասկանալի է: Չեմ կարողանում հասկանալ գործարանն առանձին լոտերով աճուրդի հանելու նպատակը: Եթե աճուրդի հանվեին առանձին, օրինակ, քլորի, քացախաթթվի արտադրությունները, հասկանալի կլիներ, բայց այս դեպքում վաճառվելու են առանձին սարքավորումները: Հավանական է դառնում, որ առանձին լոտերի գնորդները դրանք հետագայում օտարելու են: Ստացվում է, որ ցանկացած մարդ կարող է մասնակցել աճուրդին, միայն մեկ սարքավորում գնել, դառնալ դրա սեփականատերը, իսկ արդյունքում մնացած արտադրությունը խաթարվում է»,- ասում է Իսրայելյանը: Նա նշում է, որ գուցե սա տարբերակ է ժամանակ շահելու համար՝ մինչև ներդրողների հետ բանակցություններ սկսեն վարել: «Բայց եթե նմանատիպ հարց կա, ապա ինչո՞ւ են աճուրդ կազմակերպում: Երկու տարի գործարանն աճուրդի չէր դրվել, որոշ ժամանակ էլի կարող էին չդնել, համապատասխան ներդրողների հետ կապված առաջարկություններ արվեին՝ գործարանի ամբողջական վերաթողարկման համար: Մասնավորապես՝ կառավարությունն ինչ է նախատեսում, ինչ առավելություններ և շահագրգիռ պայմաններ կառաջարկի ներդրողին: Դրանից հետո ներդրողը, ծանոթանալով արտադրության հետ, իր առաջարկությունները կներկայացներ: Ինձ համար այս ամենը մութ է»,- նշում է մեր զրուցակիցը: Նրա համար նաև տարօրինակ է, որ երկար տարիներ գործարանի վերագործարկման համար պայքարող համակարգող խմբին չեն հրավիրել քննարկման: «Երեք կառավարություն է փոխվել, գործարանի համակարգող խումբը միշտ պայքարել է «Նաիրիտի» վերաթողարկման համար: Խմբի մեջ ներգրավված են մասնագետներ: Մի քիչ ցավ է պատճառում այն, որ կառավարության համապատասխան պաշտոնյաները գիտեն, որ կա համակարգող խումբ, բայց իրենց չեն հրավիրել կողմնակի մասնակցության համար՝ ճիշտ տեղեկատվություն ստանալու նպատակով: Սնանկության կառավարիչը շահագրգիռ է, որ գործարանը լուծարվի, որովհետև ինքն այդտեղից ստանում է իր աշխատավարձը: Որքան շատ ապրանք վաճառի, պարտք մարի, դրան համապատասխան ինքը շատ գումար է ստանալու: Բայց նրան հրավիրել են քննարկման: Սնանկության կառավարչից ուղղակի կարելի էր ստանալ հաշվետվություն, թե ինչ վիճակ է գործարանում, պարտքերի չափը և այլն», - ասում է նախկին տնօրենը: Իսրայելյանին հարց ենք ուղղում՝ գուցե այս աճուրդը կազմակերպվել է, որպեսզի մարեն գործարանի պարտքերը: «Գործարանի պարտքն ամբողջությամբ մոտավորապես 100 միլիոն դոլար է, իսկ աճուրդում գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար: Ի դեպ, եթե այս աճուրդում գնորդներ չլինեն, ապա ավտոմատ կերպով մեկ ամիս հետո նորից աճուրդ կհայտարարվի, և 10 տոկոսով գործարանի գինը կիջնի: 32 միլիոնը չի բավարարի պարտքերը մարելու համար: Կառավարությունը պետք է այլ ճանապարհով գնա. հանձնաժողով ստեղծի, ուսումնասիրի հարցը, հասկանա, որ իր պարտքերը չեն մարվելու, չի ստանալու իր գումարը (պարտատերերի խորհրդում ընդգրկված են ՊԵԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի, «Նաիրիտ-2»-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները- խմբ.): Այդ ժամանակ ավելի նպատակահարմար է, որ կառավարությունը մոռանա իր պարտքերի մասին, գործարանը վերաթողարկի՝ հետագայում եկամուտներ ստանալու հավանականությամբ: Կստեղծվեն աշխատատեղեր, հարկային մուտքեր կլինեն բյուջե: Ամենաքիչը 2000 աշխատատեղ կլինի: Բացի դա, եթե հիմա կարողանանք «Նաիրիտը» փրկել, դրա բազայի վրա կաշխատի Վանաձորի քիմպրոմը», ընդգծում է Կարեն Իսրայելյանը՝ նշելով, որ իրենց անհանգստացնում է այն, թե ինչ լուծումներ են տրվելու հարցին: «Ուզում ենք մասնակցել քննարկումներին, կարող ենք խորհուրդներ տալ: Ասում են՝ աճուրդին մասնակցողը պետք է ներկայացնի բիզնես-ծրագիր: Չեմ պատկերացնում՝ ինչ ծրագիր պետք է ներկայացնի, օրինակ, ացետիլենի արտադրությունը գնել ցանկացողը: Բիզնես-ծրագիր ներկայացնելու համար ամիսներ են պետք: Այսօր գործարանը աճուրդի եք դնում, ո՞վ կարող է 15 օրվա մեջ բիզնես-ծրագիր ներկայացնել: Ներկայացնելու դեպքում դա չի համապատասխանի այսօրվա իրականությանը: Պետք է գան, ծանոթանան գործարանի վիճակին, գույքագրում անեն, հասկանան՝ որ սարքավորումն ինչ վիճակում է, որ կարողանան վերականգնելու համար իրենց ծախսերը հաշվարկել: Ունեմ կասկածներ, որ չի լինի այն արդյունքը, որը ներկայացվում է»,- եզրափակում է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրենը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր