849 դիտում
19:58 18-06-2019
Մայր Աթոռում սկսվել է միաբանական համագումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց միաբանական համագումարը, որին մասնակցում են տարբեր երկրների թեմերում և համայնքներում ծառայություն իրականացնող Մայր Աթոռի միաբանները (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա): Համագումարը նախագահում էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիկոպոս Հակոբյանը:
Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:
Միաբանական համագումարը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ համագումարի կազմակերպիչ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Կյուլկյուլյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ):
Հայր Սուրբն իր ուրախությունը հայտնեց համագումարի անցկացման առիթով, որի շնորհիվ միաբաններին լավագույն հնարավորությունն է ընձեռնվում միասին աղոթելու, իրենց ուխտը վերանորոգելու Աստծո և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ, Տիրոջով զորանալու, իրենց հավատարմությունը հայտնելու Ամենայն Հայոց Հայրապետին և նրա մյուռանաբույր Աջից մշտապես բաշխվող առաքելական օրհնությամբ տոգորվելու:
«Այս պահն անկրկնելի է և քաղցր հիշողություններ է արթնացնում մեզանից յուրաքանչյուրի հոգում, քանզի անկախ մեր ծառայության վայրից, աստիճանից և զանազան հանգամանքներից, մեր սրտի մեկ մասնիկը մշտապես այստեղ է՝ Միածնաէջ այս սրբավայրում, ուր դարեր շարունակ հնչում և հնչելու է Մայր Աթոռիս միաբանության անդադար աղոթքը «վասն խաղաղութեան և անսասանութեան ազգիս հայոց և եկեղեցւոյս մերոյ»։ Այդ սուրբ մասնիկն է, որ մեզ հույս է տալիս, առաքելության մեջ հաստատուն պահում և զորացնում։ Անհերքելի է, որ մեր տան հանդեպ կարոտի այդ զգացողությունն աննկարագրելի և անպատմելի է, որն ամեն անգամ ինքնատիպ առկայծում և բոցավառվում է, երբ միասին ենք՝ միասիրտ, միաբան և միախորհուրդ։
Ամենքս էլ կոչված ենք Աստծո խոսքը քարոզելու, Ավետարանի անխարդախ կաթը ջամբելու և մեր ժողովրդին փրկության առաջնորդելու՝ դաստիարակելով և կրթելով մշտամնա արժեքներով։ Բայց, սիրելինե՛ր, այս առաքելությունն առավել արդյունավոր է, երբ միասին ենք՝ մեկ հոգի և մեկ սիրտ ու Հայոց Եկեղեցու անդամներ։ Եղբայրության այս կապերը ոչ միայն միացնում են մեզ, զորացնում և նոր ուժ տալիս, այլև մեզ անպարտելի են դարձնում յուրաքանչյուր մարտահրավերի կամ խնդրի առաջ։ Ուր էլ լինենք, ուր էլ գնանք, երբեք չպետք է կորցնենք կամ թուլացնենք մեր կապը Սուրբ Էջմիածնի հետ, որը մեր կոչման և հոգու ներշնչանքն է, զորացման աղբյուրն ու կյանքի ավիշը։
Սուրբ Էջմիածնի միաբան լինելը պատասխանատվություն է, հանձնառություն և կոչման բարձր գիտակցություն, մեր սրբազան ուխտը՝ ծառայելու Հայոց Եկեղեցուն և աստվածասեր մեր ժողովրդին։ Ծառայասիրության և կոչման դեպքում մնացած ամեն ինչ երկրորդական է դառնում, քանզի գիտակցում ես, որ Սուրբ․ Էջմիածնի զավակն ես, ասել է թե՝ կրողն աստվածային Ճշմարտության»,- նշեց Հայր Օշականը՝ հավելելով, որ վերադարձը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նորովի հայացք է մեր քրիստոնեական և ազգային ինքնությանը, մեր կոչմանն ու առաքելությանը, այսինքն՝ դարձ դեպի մեր էությունը, որտեղից ծնվել և որով զորանում ենք։
Բացման խոսքին հաջորդեց համագումարի օրակարգի քննարկումը, ապա տեղի ունեցավ միաբանական համագումարի դիվանի ընտրությունը: Ատենապետ ընտրվեց Հոգեշնորհ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը (ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ), ատենադպիրներ` Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը (Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն) և Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը (Եգիպտոսի Հայոց թեմ):
Միաբանական համագումարի մասնակիցներին ողջունեցին և հոգևոր ծառայության վերաբերյալ իրենց մտորումները ներկայացրեցին նաև Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչները` Հոգեշնորհ Տ. Պետրոս վարդապետ Մանուելյանը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն) և Տ. Եղիշե վարդապետ Ուճքունյանը (Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն):
Համագումարի առաջին օրը փակվեց Հովնան Սրբազանի «Պահպանիչ» աղոթքով:
Քառօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները կքննարկեն Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներ, կլսեն տարբեր զեկույցներ: Հունիսի 19-ին համագումարի մասնակից միաբանները հովվական առաքելությամբ կմեկնեն Գեղարքունյաց թեմի տարբեր հեռավոր համայնքներ, այցելություններ կկատարեն մասնավորապես կարիքավոր ընտանիքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1775 դիտում
16:05 10-03-2015
Գրիգորիս Սրբազանի մարմինը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը
1965 դիտում
15:35 20-02-2018
Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. օրակարգում է Պոլսո պատրիարքության հարցը
Այս բաժնից
1003 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
967 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
1099 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն