211652_close_icon
views-count2841 դիտում article-date 22:22 14-08-2020

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 11-ին և 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Մինչ ժողովի օրակարգային հարցերի քննարկումը ժողովականներն իրենց աղոթքը բարձրացրեցին Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված անձանց, այդ թվում և հայորդիների համար՝ վշտակցություն հայտնելով նրանց հարազատներին, զորակցություն՝ Լիբանանի ժողովրդին։ Այս կապակցությամբ տեղեկացվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ տեղեկանալու տիրող իրավիճակին և հայ համայնքում առկա կարիքներին։ Ի զորակցություն տեղի հայ համայնքին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը փոխանցվել է 100.000 ԱՄՆ դոլար գումար։ ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու թեմական, կրթական, սոցիալական և եկեղեցաշինական ծրագրերին վերաբերող հարցեր, հայրենական-ազգային կյանքի զանազան խնդիրներ։ Ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գերագույն հոգևոր խորհուրդը նախ անդրադարձ կատարեց հուլիս ամսին Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողություններին, դրանց հետևանքով սահմանամերձ բնակավայրերին հասցված վնասներին, ինչպես նաև այս կապակցությամբ տարբեր երկրներում հայ և ադրբեջանական համայնքների միջև տեղի ունեցած բախումներին: Այս մասին զեկույց ներկայացրեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանը մասնավորապես տեղեկացրեց այդ օրերին թեմի հոգևոր դասի մատուցած ծառայությունների վերաբերյալ՝ երախտագիտությամբ արձանագրելով այդ օրերին Հայոց Հովվապետի մշտական հոգածությունը և ուշադրությունը: Առաջնորդը նաև ներկայացրեց ռազմական բախումների հետևանքով բնակչության մոտ առաջացած կենցաղային և նյութական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված ծրագրերը։ Ժողովը դատապարտեց Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ սանձնազերծված սադրիչ պատերազմական գործողությունները՝ կարևորելով այս առնչությամբ միջազգային հանրության գնահատականները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը։ Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց թեմակալ առաջնորդին և թեմի հոգևորականաց դասին՝ ջանադիր ծառայությամբ հայոց բանակին և սահմանամերձ համայնքների ազգաբնակչությանը զորավիգ և նեցուկ լինելու համար։ ԳՀԽ անդամները ևս գոհունակություն հայտնեցին այդ ժամանակահատվածում թե Տավուշում և թե սփյուռքի տարբեր համայնքներում հայ եկեղեցականների իրականացրած կարևոր առաքելության առնչությամբ։ Մասնավոր քննության առարկա դարձան Վիրահայոց թեմի Ջավախքի շրջանում հայ համայնքում վերջին օրերին տեղ գտած անցանկալի զարգացումները։ ԳՀԽ անդամները ցավ հայտնեցին կատարվածի առնչությամբ՝ կոչ անելով ջավախահայությանը պահպանել միասնության ոգին։ Ընդգծվեց Ջավախքի փոխառաջնորդության հոգևոր դասի հետևողական ջանքերի անհրաժեշտությունը՝ ի խնդիր համայնքում համերաշխության և խաղաղության վերականգնման։ Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց նաև ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակված Հանրակրթության պետական չափորոշչի և Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչների նախագծերի շուրջ արտահայտված հանրային բազմաբնույթ մտահոգություններին։ Նյութի առնչությամբ զեկույց ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազանը արձանագրեց, որ հակառակ ԿԳՄՍ նախարարության հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների, Հայոց Եկեղեցին գործնականում որևէ կերպ չի ընդգրկվել չափորոշիչների մշակման գործընթացում: Ավելին` հրապարակված չափորոշիչներում նվազեցված են հայագիտական առարկաների դասաժամերը, թույլ են տրված բովանդակային աղճատումներ և ժամանակագրական սխալներ: Չնայած բազմաթիվ հավաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով դուրս է բերվել Հայոց եկեղեցու պատմություն առարկայի գերակշիռ մասը: Տեղեկացվեց, որ Հանրակրթության պետական չափորոշչի վերաբերյալ առկա մտահոգությունները ենթախմբի կողմից 2020 թվականի հուլիսի 10-ի թվակիր նամակով փոխանցվել են ԿԳՄՍ նախարարությանը, որը սակայն առ այսօր, մնացել է անպատասխան: Գերագույն հոգևոր խորհուրդը, իր համամտությունը հայտնելով չափորոշիչների նախագծերի վերաբերյալ Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի արտահայտած դիրքորոշումներին, մտահոգություն արտահայտեց ԿԳՄՍ նախարարության լիազոր մարմինների հետ գործակցության և կառուցողական երկխոսության բացակայության առնչությամբ։ ԳՀԽ անդամներն արձանագրեցին, որ հիշյալ գործընթացի վերջնարդյունքի պատասխանատվությունը սոսկ պետական մարմիններինը չէ, նաև բոլոր համազգային կառույցների ու հաստատություններին է, քանի որ կրթական բարեփոխումները պետք է միտված լինեն ազգային ինքնությամբ, հոգևոր-ազգային արժեհամակարգը կրող քաղաքացու կերտմանը։ Ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների ուսումնական գործընթացների մասին զեկույց ներկայացրեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։ Մասնավորապես քննարկվեցին հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների ուսումնական ծրագրերը՝ միտված ժամանակի պահանջներին համահունչ հոգևորականների նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը։ Գերագույն հոգևոր խորհրդը կարևորեց ապագա եկեղեցականների պատշաճ պատրաստությանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ Եկեղեցու առաքելության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է իր կրթական հաստատությունների պարգևած հունձքով։ Գերագույն հոգևոր խորհուրդը նաև զեկույց լսեց Մայր Տաճարի նորոգության ընթացքի վերաբերյալ։ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ժողովականների ուշադրությանը ներկայացրեց կատարված աշխատանքները և առկա դժվարությունները։ Նշվեց, որ համավարակի տնտեսական ծանր հետևանքների պատճառով դանդաղել է նաև Մայր Տաճարի նորոգության համար Հայրենիքում և սփյուռքում կազմակերպված համազգային հանգանակությունը։ Կարևոր համարվեց, որ ջանքեր ներդրվեն Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները 2021 թվականին ավարտին հասցնելու համար։ ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին ներկայացված զեկույցը՝ իրենց գնահատանքը հայտնելով աստվածահաճո այս առաքելությանն իրենց նպաստը բերած բոլոր բարեսեր անհատներին ու հաստատություններին։ Եկեղեցական կյանքի բարենորոգության հարցերի, մասնավորաբար` Եկեղեցու անդամների կողմից հակաեկեղեցական գործողությունների շրջանակում կարգապահական կանոնների գործարկման մասին զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայր Սուրբը համապարփակ անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու կանոններին, որոնք առնչվում են եկեղեցական, կարգապահական, դավանաբանական հարցերին և կարգավորում ներեկեղեցական կյանքը: Քննարկումների արդյունքում որոշվեց ստեղծել հանձնախումբ Եկեղեցու կանոնական և կարգապահական խնդիրներին առնչվող փաստաթղթի ստեղծման առաքելությամբ: Համավարակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից հայրենիքում և սփյուռքի համայնքներում իրականացված սոցիալական աջակցության լայնածավալ ծրագրերի մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Տեղեկացվեց, որ համավարակի հետևանքների հաղթահարմանն ի նպաստ առ այսօր Մայր Աթոռի կողմից նախաձեռնված սոցիալական աջակցության, առողջապահական և կրթական ծրագրերի արժեքային համագումարը կազմել է 494.183.292 ՀՀ դրամ։ Հայաստանում և Արցախում պարենային սննդի բաշխման ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել 69.724 անձի։ Ժողովականներն անդրադարձ կատարեցին համավարակի հետևանքով երկրում ստեղծված տնտեսական ծանր վիճակին և հավատավոր ժողովրդին օգնություն ցուցաբերելու ապագա ծրագրերին։ Ժողովն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց ժողովականներին օգտաշատ քննարկումների համար, որոնք պիտի նպաստեն Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր