211652_close_icon
views-count1518 դիտում article-date 17:42 27-06-2019

«Առաքելություն չունեցող ազգը կամ մարդը կորած է». նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպումը կազմակերպվել է Ժնևի կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Պալատի գլխավոր տնօրեն Վինսենթ Սուբիլիան նշել է, որ Հայաստանն ունի մեծ հավակնություններ՝ դառնալու առաջատար տեխնոլոգիական, նորարարական երկիր: «Մեծ պատիվ է ընդունել Հայաստանի նախագահին Ժնևի առևտրի պալատում, որը 115 տարի է խորհրդատվություն է տրամադրում բիզնես հանրությանը,-ասել է պալատի գլխավոր տնօրենը: -Նախորդ տարի ես պատիվ եմ ունեցել այցելել Ձեր երկիր և լսել Ձեր հիասքանչ ելույթը ԹՈՒՄՈ-ում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ։ Այն առանցքային էր՝ հասկանալու, թե ինչ կարող է առաջարկել Հայաստանը աշխարհին»։ Վինսենթ Սուբիլիան ավելացրել է, որ մանրամասն ծանոթացել է նախագահ Սարգսյանի՝ Financial Times-ում հրապարակված հարցազրույցին և համոզված է, որ Հայաստանն իսկապես 21-րդ դարի ստարտափ երկրներից է։ Սուբիլիայի խոսքով՝ Հայաստանի նախագահի հետ հանդիպումը յուրահատուկ հնարավորություն է լսելու նրան և խոսելու երկու երկրների հնարավորությունների և համագործակցության հեռանկարների շուրջ։ «Ժնևում զգացեք Ձեզ ինչպես տանը։ Դուք գիտնական եք, և այժմ գտնվում եք համացանցի հայրենիքում, Դուք նաև տաղանդավոր դիվանագետ եք, իսկ Ժնևը համաշխարհային կառավարման կենտրոնն է։ Ես հավատացած եմ, որ այս երկու գործոնների համար Դուք կարող եք Ժնևը կոչել ձեր տունը»,-ասել է առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրենը։ Իր խոսքում նախագահ Սարգսյանը կարևորել է մարդկանց, ազգերի ու երկրների առաքելությունն աշխարհում, մասնավորապես նշելով. «Առաքելություն չունեցող ազգը կամ մարդը կորած է։ Առաքելությունը համախմբում է ժողովրդին՝ հասնելու հաջողության»։ Այս համատեքստում, անդրադառնալով Հայաստանին, նախագահ Սարգսյանն ասել է. «Օրինակ, ես առաքելություն ունեմ, աշխատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, հնագույն ձեռագրերի ինստիտուտը՝ Մատենադարանը, դարձնել ողջ աշխարհում հնագույն մշակույթների ու ձեռագրերի միջազգային կենտրոն։ Մյուս առաքելությունն է վերակենդանացնել Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, որը մեծապես տուժել է 1988 թվականի երկրաշարժի պատճառով: Ես ցանկանում եմ այն կյանք վերադարձնել, աշխուժացնել զբոսաշրջությունը, քանի որ Գյումրին հիասքանչ քաղաք է, ունի յուրահատուկ մշակույթ»։ Հայաստանի նախագահը նշել է ևս երկու նախաձեռնությունների մասին։ Դրանցից մեկի նպատակն է Հայաստանը դարձնել հանգույց նոր տեխնոլոգիաների ու գիտության համար։ «Ապագան ամենուր՝ թե՛ գյուղատնտեսության մեջ, թե՛ տիեզերքում, թե՛ սննդի արդյունաբերության կամ ժամացույցների պատրաստման գործում հիմնված է լինելու նոր տեխնոլոգիաների վրա,-ասել է Արմեն Սարգսյանը։- Ես ցանկանում եմ, երազում եմ, առաքելություն ունեմ Հայաստանը դարձնել հանգույց արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների համար։ Այստեղ մենք կարող ենք լինել հաջողակ։ Մյուս ծրագիրը կոչվում է ATOM: Դրա հիմքում լինելու է գիտական պարկը, որտեղ հաճախելու են երեխաները: Իսկ երկրորդ մասը լինելու է «Վաղվա թանգարանը»»: Նախագահ Սարգսյանն ասել է, որ նախնական պայմանավորվածություններ կան մի շարք հայտնի ընկերությունների՝ «Դասո»-ի, «Թալես»-ի հետ, աշխատանքներ են տարվում «Սաֆրան»-ի, «Լեոնարդո»-ի, «Էլետրոնիկա»-ի, Հայդելբերգի, Քեմբրիջի համալսարանների, Սկոլկովոյի հետ։ Որպես ևս մեկ առաքելություն՝ նախագահ Սարգսյանը նշել է Հայաստանը սննդի անվտանգության հանգույց դարձնելը։ «Դա նշանակում է, որ մենք ոչ թե արտադրելու ենք շատ սնունդ, այլ լինելու ենք հանգույց, որտեղ այն կարող է հավաքվել մեկ վայրում։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ստեղծվում են լոգիստիկ պայմաններ Չինաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում»,-ասել է նախագահը։ Հանդիպման մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով անդրադարձել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր