ՆԱՍԱ-ն անօդաչու կուղարկի դեպի Սատուրնի ամենամեծ արբանյակ՝ Տիտան
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) պատրաստվում է միջուկային էներգիայով (ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրական գեներատոր) գործող անօդաչու թռչող սարք ուղարկել դեպի Սատուրն մոլորակի շուրջը պտտվող արբանյակներից ամենամեծը՝ Տիտան:
Ինչպես հայտնում է [url=https://www.theguardian.com/science/2019/jun/27/nasa-dragonfly-saturn-drone-space-moon-titan]The Guardian[/url]-ը, սարքի առաքելությունը լինելու է տիեզերքի հեռավոր հատվածներում կյանքի գոյության նշանների, ինչպես նաև բնակության համար հարմար վայրերի որոնումը:
Գործակալության փոխանցմամբ՝ Dragonfly կոչվող սարքը կուսումնասիրի Տիտանի տարբեր հատվածները:
Մասնագետների ընտրությունը պատահական չէ կանգ առել Տիտանի վրա, քանի որ այնտեղի պայմանները չափազանց նման են 4 մլրդ տարի առաջ Երկրի վրա տիրած պայմաններին: Ուստի՝ հետազոտությունը գիտնականներին հնարավորություն կտա հասկանալու՝ ինչպես է կյանքը զարգացել մեր մոլորակի վրա: Բացի այդ, կյանքի զարգացման և տարածման հետ կապված գաղտնիքների բացահայտումը թույլ կտա տիեզերքում կյանքի գոյության նշանների որոնման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպել:
Նշվում է, որ Տիտանի մակերևույթը կազմված է ժայռի պես ամուր սառույցից, որի տակ, ըստ գիտնականների, Խաղաղ օվկիանոսի ծանծաղ ջրերի նույն ջերմաստիճանով հեղուկ ջուր կա:
Տիտանի օրգանական քիմիան բաղկացած է բարդ մոլեկուլներից, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտնականների համար:
«Մոլեկուլները, որոնք վերջին 4 մլրդ տարվա ընթացքում երկնային մանանայի պես թափվում էին երկնքից, կարող են դեռևս այնտեղ պահպանված լինել: Չի բացառվում, որ դրանք փոփոխությունների չեն ենթարկվել, խորը սառեցման փուլում են ու սպասում են Երկրի քիմիկոսների կողմից հետազոտվելուն»,-Տիտանի նկարագրության մեջ նշել էր աստղաֆիզիկոս Կառլ Սագանը:
Դեպի Տիտան գիտարշավի կազմակերպիչներից մեկը՝ գիտնական Էլիզաբեթ Թըրթլը, ենթադրել է, որ հեռավոր երկնային մարմնի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ կան: