49325 դիտում
15:21 28-06-2019
Դպրոցականներն այցելել են Ճանապարհային ոստիկանություն. Փոքրիկներին ընդունեց և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելուց զատ հաճախ նաև կազմակերպում է տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում` դպրոցականների մասնակցությամբ:
Հերթական միջոցառումը հունիսի 25-ին էր:
Ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր <<Գլոբալ բրիջ>> կրթահամալիրի ամառային դպրոցի սաներին:
Նրանք մեր ապագա վարորդներն են, աշխատանքի շտապող վաղվա հետիոտները, չի բացառվում, որ ոմանք նույնիսկ ճանապարհային ոստիկան դառնան:
Սակայն փոքրիկիներից քչերը գիտեն, թե հետիոտնային անցումներից ինչպես է պետք օգտվել, լուսացույցի ո՛ր լույսը կամ երթևեկության ո՛ր նշանն ի՛նչ նշանակություն ունի:
Ճանապարհային ոստիկանները բացատրեցին երեխաներին, թե անվտանգության համար որքան կարևոր է երթևեկության կանոններն ու տարբերանշաններն իմանալը:
Բացատրեցին` ինչպես է պետք անցնել փողոցը, խոսեցին անվտանգության անհրաժեշտ կանոնների մասին: Բայց ամենահետաքրքիրն, ինչ խոսք, Ճանապարհապարեկային մեքենան էր:
Դպրոցականները պարզեցին` տեսուչը ո՛ր դեպքում ինչպե՛ս է օգտվում ռադիոկապից, մեքենան ինչպիսի՛ ձայնազդանշաններ է արձակում, ո՛ր սարքն է ֆիքսում արագությունը, ինչպե՛ս են պարզում` վարորդը ալկոհոլ օգտագործել է, թե ոչ: Իսկ ղեկի մոտ նստածների համար շատ բան ոչ միայն հասկանալի, այլև հասանելի էր...
Դպրոցականները եղան նաև տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնում:
Տեսան, թե տեխնիկական միջոցներով ինչպես է վերահսկվում երթևեկության անվտանգությունը, ո՛ր վարորդը չի ենթարկվում լուսացույցի ազդանշանին, ո՛ր մեքենան է դուրս գալիս երթևեկության հանդիպակած գոտի և նման այլ խախտումներ:
Փոքրիկներին ընդունեց և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:
Ճանապահային ոստիկանության պետը հարցերի միջոցով ստուգեց նրանց իմացությունը:
Հետաքրքրիր էր, թե ճանաչողական հանդիպումն ի՛նչ տվեց դպրոցականներին, ի՛նչ սովորեցին...
Ոստիկանության հետ համագործակցությունից գոհ էին կրթահամալիրի ուսուցիչները:
Հանդիպման ավարտին Ճանապահային ոստիկանության պետը երեխաներին նվիրեց լուսանդրադարձիչ թևնոցներ:
Տպավորություններն աննկարագրելի էին, հանդիպումը` հետաքրքիր ու ճանաչողական:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+