45059 դիտում
17:10 08-10-2018
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. վերջինը հայտնվել է ձորում. վիրավորներին առաջինը օգնության է հասել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ՝ 63-ամյա Իշխան Մելոյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 CA 734 համարանիշի և նույն մարզի Ծովակ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Շիրակ Բալաբեկյանի վարած Mercedes մակնիշի 26 ՍՕ 797 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ի. Մելոյանն ու նրա ուղևորուհի՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 82-ամյա Ջուլիետա Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+