69369 դիտում
23:15 30-05-2019
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը բակային հանդիպում ունեցավ Միկոյան 17ա շենքի բնակիչների հետ. քննարկման թեման որոշ վայ վարորդների «ծալապակասությունն էր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 30-ին, Երևան քաղաքի Նոր Նորք զանգվածի Միկոյան փողոցի 17ա շենքի բնակիչներին հանդիպեց ՀՀ ճանապահային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, բնակիչները ՀՀ ՃՈ պետին տեղեկացրեցին, որ 2018 թ.-ի նոյեմբերի 6-ին իրենք նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որտեղ մանրամասն հիմնավորել էին Նոր Նորքի 5-րդ զանգված Գալշոյան փողոցից դեպի Մինսկի փողոց հասցեներում արագաչափեր, արագությունը սահմանափակող արգելանշաններ տեղադրելու և հետիոտնային անցումներ գծանշելու մասին խնդրանք-առաջարկով:
Խնդիրը, որի լուծման մեջ ակնկալել են քաղաքապետի օգնությունն ու միջամտությունը, առնչվում է քաղաքի կոնկրետ մի ճանապարհահատվածի երթևեկության անվտանգությանը և, ըստ էության, ունի հանրային նշանակություն:
Նոր Նորքի V զնգվ. Միկոյան փողոցը, որ 5-րդ, 8-րդ զանգվածները և Ջրվեժ գյուղը միմյանց կապող հիմնական փողոցն է, մի խիստ վտանգավոր և վթարածին ճանապարհահատված ունի (մոտ 500 մ. երկարությամբ): Այն սկսվում է Միկոյան-Գալշոյան խաչմերուկից և ավարտվում ՛՛ԱՍԵԴԼ՛՛ ընկերության շենքի մոտ: Հատվածը ներառում է փողոցի վրա գտնվող բազմաբնակարանային 17ա շենքը, ինչպես նաև դեպի Ջրվեժ գյուղը տանող նրբանցքի խաչմերուկը, որ մինչև ուշ գիշեր լի է փողոցը հատող հետիոտներով:
Այս հատվածում ո՛չ գծանշված հետիոտնային անցում կա, ո՛չ էլ արագությունը սահմանափակող որևէ նշան: Շատ վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե սա չբնակեցված, «գործարանային» մի հատված է, ուստի չափազանց մեծ արագությամբ են վարում իրենց մեքենաները, ինչն առավել վտանգավոր է դառնում երեկոյան և գիշերային ժամերին: Վթարածին իրավիճակը խորանում է նաև այն փաստով, որ փողոցը զգալի կերպով նեղանում է՝ 17ա շենքից մինչև Մինսկի փողոցի խաչմերուկն ընկած հատվածում, իսկ այդ մասին շատ վարորդներ չգիտեն:
2018թ. ամռանն իրականացվեց Միկոյան փողոցի ասֆալտապատումը: Դժբախտաբար, այս փաստը կրկնակի-եռակի չափով մեծացրել է հիշյալ հատվածի վտանգավորության աստիճանը, ինչի ապացույցն են հանդիսանում այն բազմաթիվ վթարները, որ տեղի են ունեցել (և շարունակում են տեղի ունենալ!) ճանապարհի այս հատվածում (գրանցված վթարների տվյալները առկա են Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության համապատասխան բաժնում):
Որպես վառ օրինակ, թույլ տվեք նկարագրել հետևյալ դեպքը. 2018թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 20.30 - 21.00-ի սահմաններում մեծ արագությամբ ընթացող Kia մակնիշի ավտոմեքենան, խուսափելով մեկ այլ մեքենայի հետ հնարավոր բախումից, ներխուժել էր 17ա շենքի մերձակա տարածք, ծռել երկաթյա էլեկտրասյունը, խփել ծանր բետոնե ծաղկամանին՝ տեղաշարժելով այն մոտավորապես 25 մետր հեռու, այնուհետև բախվել էր անմիջապես շենքի լուսամուտների տակ կայանած 2 մեքենաների հետ և վերջիններիս պատճառել զգալի վնաս (չհաշված սեփական անմխիթար վիճակը): Մեքենայի վարորդը հրաշքով կենդանի էր մնացել, նաև, երջանիկ մի պատահականությամբ, այդ պահին երեխաներ չէին խաղում շենքի տարածքում…
Խնդիրը միայն արագության «սովորական» գերազանցումը չէ. բանն այնտեղ է հասել, որ գիշերային ժամերին, համարյա ամեն օր, որոշ արկածախնդիրների կողմից դրիֆտներ ու ռալլիներ են կազմակերպվում փողոցում, ինչի պատճառով արդեն վեճեր են առաջացել շենքի բնակիչների հետ. ցավոք, դրանք կարող են կրկնվել, խորանալ, իսկ չկանխվելու դեպքում՝ վերածվել ինքնադատաստանի գործողությունների…
Մենք՝ Միկոյան 17ա շենքի բնակիչներս, համոզված լինելով խնդրի հրատապության և անհետաձգելիության մեջ, խնդրում ենք Ձեզ՝ միջոցներ ձեռնարկել այս խնդիրը օր առաջ ուսումնասիրելու և ճիշտ լուծում տալու համար:
Որպես լուծման ձև, առաջարկում ենք փողոցի հիշյալ հատվածում տեղադրել տալ արագաչափ՝ երկու կողմից համապատասխան զգուշացնող նշաններով, ինչպես նաև՝ շենքի մոտ կազմակերպել հետիոտնային անցում՝ համապատասխան կահավորմամբ:
12.11.2018թ. քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հ. Նավասարդյանը պաշտոնական թիվ 14/Կ-3713 գրությամբ վերոհիշյալ նամակը ուղարկել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Ե. Կարապետյանին, վերջինիս խնդրելով հանձնարարել «համապատասխան ստորաբաժանումներին՝ նշված գրությամբ բարձրացված հարցերն ուսումնասիրելու և արդյունքների մասին դիմողին պատասխանելու համար» (ՃՈ մուտք՝ թիվ 122657-18):
Հավաստիացնում ենք Ձեզ, որ 2018թ. նոյեմբերից մինչև այժմ ՃՈ որևէ ներկայացուցիչ Միկոյան 17ա շենք չի եկել և չի ուսումնասիրել «նամակում բարձրացրած հարցերը», ուստի անհրաժեշտ ենք համարում այս անգամ նույն խնդրով դիմելու անձամբ Ձեզ: Ավելորդ չենք համարում Ձեզ տեղեկացնել, որ այս 4 ամսվա ընթացքում մի շարք ՃՏՊ-եր են տեղի ունեցել նշված ճանապարհահատվածում, որոնցից մի քանիսը՝ անմիջապես մեր շենքի մոտ:
Տեղում խնդրին ծանոթանալու նպատակով հանդիպում-քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կարճ ժանամակում բնակիչների բարձրացված խնդիրը լուծվելու է ու կարճ ժամանակ անց այդ չլուծված խնդիրը անցյալի հուշ է մնալու բնակիչների համար:
Բնակիչներն էլ իենց հերթին շնորհակալություն հայտնեցին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Ե. Կարապետյանին, որ վերջապես խնդիրը լուծվելու է ի շահ բնակչի անվտանգության ու ապահովմանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+