211652_close_icon
views-count230907 դիտում article-date 20:14 28-06-2019

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում.40 րոպե տեղացած հավի ձվի չափ կարկուտը Մարմարիկ գյուղում ողջ բերքն ու բարիքը հողին է հավասարեցրել.Ժամանած մարզպետին գյուղացիներն ասում էին. «Հիմա ապացուցեք, որ մեր վերքին դարման կլինեք».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում: Ժամը 15:30-ի սահմաններում ուժեղ կարկուտը իր սև գործն է արել գյուղում: Հավի ձվի չափ կարկուտը ավերել է գյուղի ողջ ցանկատարածությունները, տան տանիքները, բակերում կայանված ավտոմեքենաները, գյուղացիների քրտինքով մշակված կարտոֆիլի, կաղամբի, լոբու, սոխի, ցորենի, վարունգի բերքը հողին է հավասարեցրել: Գյուղացիները, աչքի տակ ունենալով նախորդ տարիներին իրենց խաբած բազմաթիվ դեպքեր, ստիպված փակել են Հրազդան- Հանքավան ավտոճանապարհի Մարմարիկ գյուղի հատվածը: Նրանք պահանջում են, որպեսզի մարզպետն ու պատկան մարմինները անձամբ ժամանեն գյուղ և իրենց աչքերով տեսնեն կարկուտի հետևանքով առաջացած վնասները: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գյուղացիներին համոզում էր, որպեսզի մարդիկ բացեն ճանապարհը, սակայն մարդիկ ասում էին. «Առավոտից իրիկուն կռիվ ենք տվել հողի հետ, մշակել ենք, արդեն մի քանի օրից գյուղմթերքները հավաքելու էինք, բայց կարկուտը 40 րոպեում մեր աշխատանքը հողին հավասարեցրեց: Նախորդ տարիներին էլ է նման դեպք եղել, ու էլի վնաս ենք կրել ու ամեն անգամ մարդիկ եկել են, խոստացել են, որ խնդիրը կլուծեն, բայց խաբել են, գնացել: Ուզում ենք հավատալ, որ այս կառավարության ներկայացուցիչ՝ մարզպետը նախորդների նման մեր գլխների տակ փափուկ բարձ չի դնի: Հիմա ուզում ենք հավատալ, որ էս կառավարությունը մեր մատներից փուշ կհանի, ոչ թե նախորդների նման գերանի կհագցնի: Թող իմանան, որ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Մենք իրենցից շատ բան չենք ուզում, հասկանում ենք, որ բնության դեմ անզոր ենք, բայց գոնե մարդկայնորեն կառավարությունը կարող է մեզ օգնության ձեռք մեկնի: Գոնե տանիքների հարցերը լուծեն, վնասի փոխհատուցման խնդիրը լուծեն, թե չէ սաղ գյուղը վարկի տակ է, եթե հիմա էլ մեզ օգնության ձեռք չմեկնեցին, ապա մենք սպասելու ենք ոչ թե կառավարության ու մարզպետարանի չինովնիկների ժամանմանը, այլ բանկերից գալու են ու ՝ Էս սարն իմն է, էս տունն իմն է: Մենք չեք կարողանալու վարկերը փակենք, իսկ վարկերը փակելու համար կառավարությունն ու մարզպետարանը կարող են բարի կամք դրսևորեն ու մեզ սատար կանգնեն ու էդ սատար կանգնելու արդյունքում մենք կհամոզվենք, որ ներկայիս իշխանությունները նախորդներից տարբերվում են»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մարզպետը տեղում սեփական աչքով տեսավ, որ գյուղի ճանապարահներով այս եղանակին ուզես անցնել, պետք է հագնես կամ պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի մուժիկին տված կալոշ, կամ Սևան ազգային պարկից լոդկա քշես, իսկ եթե չեն ուզում հագնեն կալոշ ու քշեն լոդկա, փառք Աստծո, ունեն հնարավորություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գոնե էս մի հրահանգը մինչև տարվա վերջ կատարեն, իսկ վարչապետի հրահանգներից մեկը բարեկարգ ճանապարհներ ունենալն է: Գյուղացիներն ասում էին նաև, որ անձրևային եղանակներին եթե երեխաներին դպրոց են ճանապարհում, ապա ծնողը դպրոց պետք է փոխնորդ տանի: «Շատ խնդիրներ կան գյուղում, մարդիկ բոլոր խնդիրների լուծումը կապում են ներկա կառավարության և Կոտայքի մարզպետի հետ՝ հույսով, որ գոնե բարձրացված խնդիրների 50 տոկոսը կլուծեն: Հույսով կսպասենք»: Քիչ առաջ մարզպետ Ռ. Պետրոսյանը գյուղացիներին հայտնեց, որ վաղը առավոտյան հանձնաժողովը կայցելի գյուղ, տեղում կուսումնասիրեն, չափումներ կանեն ու կներկայացնեն կառավարությանը և կառավարությունը վարչապետի գլխավորությամբ պահուստային ֆոնդից գումար կհատկացնի: Ֆոտոլրագրողն էլ մարզպետին ասաց, որ գաղտնիք չէ, որ երկար տարիներ, եթե Հայաստանում ուզում ես հարցը չլուծվի՝ ստեղծիր հանձնաժողով, հիմա հնարավո՞ր է՝ էդ հանձնաժողովը ստեղծվի ու էս հարցը գրվի սառույցին: Մարզպետը պատասխանեց, որ մեր ժամանակներում նման բան չի լինի: Բոլոր հարցերը լուծվելու են և այդ հարցերը չեն մեռնելու: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր