211652_close_icon
views-count44919 դիտում article-date 16:50 30-06-2021

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. մոտ 20 րոպե տեղացած ձվի մեծության կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացիների ողջ բերքը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզի մի շարք համայնքներում նախօրեին տեղացած ձվի մեծության հասնող կարկուտը լուրջ վնասներ է հասցրել գյուղացիական տնտեսությունների ողջ բերքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում տեղացած կարկուտը Ազնվաձոր գյուղում տևել է մոտ 20 րոպե, ինչի հետևանքով ծառերից ամբողջությամբ թափվել է ողջ բերքը, հողին հավասարվել պտուղ-բանջարեղենը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մեր սաղ տարվա բերքը վարի գնաց, ծառերի բերքը սաղ թափվել ա, էնքան մեծ էր, որ պոպոքը, տանձը խնձորը կարկուտը մեջտեղից կիսել է, կարտոֆիլի, լոբու, պոմիդորի ու վարունգի մասին էլ մոռանալ է պետք, ողջ ապրուստը ջուրն է լցվել»:

Ազնվաձորում տեղացած կարկուտի հետևանքով տնտեսություններ կան, որտեղ բերքը անգամ 100 տոկոսով է ոչնչացվել, տեղ տեղ էլ՝ 50-80 տոկոսով: Վաղ առավոտից գյուղացիները գյուղապետարանում դիմումներ են ներկայացնում՝ վնասի փոխհատուցման ակնկալիքով: Նրանց միակ հույսն ու սփոփանքը կառավարությունն ու Լոռու մարզպետարանն է, որտեղից, սակայն, ըստ իրենց, եթե փոխհատուցում չտան, ստիպված կլինեն դիմել կտրուկ քայլերի. «Հույս ունենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտեսնի այս իրավիճակն ու համապատասխան հանձնարարականներ կտա, հակառակ դեպքում՝ ապրելու, օրվա հացի խնդիր կունենանք, էլ չենք ասում, որ էս ամբողջ կարտոֆիլն ու մյուս սերմացուները գնել եմ պարտքով ու վարկով, ու հիմա չգիտենք ոնց ենք թե պարտքերը տալու, թե ապրելու»:

Բացի այգիներից ու բանջարանոցներից, Ազնվաձորում նաև տանիքներ ու մեքենաներ են վնասվել: Ազնվաձորի գյուղապետ Նարեկ Հովսեփյանի խոսքով՝ համայնքապետարանում ստեղծված հանձնաժողովը վնասների ակտավորման գործընթաց է սկսել, որից հետո կդիմեն կառավարություն:

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր