211652_close_icon
views-count817 դիտում article-date 12:03 29-06-2019

Մոսկվայում տեղի է ունեցել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ համատեղ նիստը

Ս.թ. հունիսի 28-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ հայ-ռուսական միջպառլամենտական հանձնաժողովի 31-րդ համատեղ նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը: Նիստում քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող բազմաթիվ հարցեր, հնչել են տեսակետներ և առաջարկություններ: Այս մասին հայտնում են Միքայել Մելքումյանի գրասենյակից: Ի թիվս այլ հարցադրումների՝ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, դիմելով նիստի մասնակիցներին և, մասնավորապես, նախագահող, ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովին, նշել է, որ այս փուլում, երբ քննարկվում է նաև հայ-ռուսական հարաբերությունների հարցը ԵԱՏՄ շրջանակներում, ակնկալում է իր ռուս գործընկերների աջակցությունը հետևյալ հարցերում. .2020թ. Հունվարի 1-ից ՀՀ համար երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքի արտոնյալ ժամկետի հնարավոր երկարացման հարցում կոնկրետ աջակցություն ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդում, քանի որ ՀՀ շուրջ 20 հազ. Քաղաքացիներ ըստ էության կմնան առանց աշխատանքի և եկամուտի, իսկ ՀՀ պետական բյուջեն կկորցնի շուրջ 100 մլն. ԱՄՆ դոլար: .ՀՀ և ՌԴ առևտրաշրջանառությունը 2018 թ. մոտեցել է ընդհուպ 2 մլրդ ԱՄՆ դոլարին, սակայն ռեզերվներն ավելի քան մեծ են, և այստեղ հարցերից կարևորագույնը Վերին Լարսում ճանապարհային խնդիրներն են, ուստի Մելքումյանն առաջարկում է, որպեսզի այստեղ գործի մշտական մոնիտորինգի համակարգ երկու երկրների կառավարությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երկու երկրների պառլամենտների միջև: Նիստը նախագահող ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ, հայ-ռուսական միջպառլամենտական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը նշել է, որ Միքայել Մելքումյանի առաջարկները կներառվեն միջպառլամենտական հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ, ուստի և կդառնան քննարկման առարկա:

Նմանատիպ նյութեր