2252 դիտում
12:26 29-06-2019
Արմեն Սարգսյանն արժանացել է Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակին
Հունիսի 28-ին Ժնևում տեղի է ունեցել Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է սոցիալական պատասխանատվություն ենթադրող ոլորտները ներկայացնող այն անձանց, ովքեր աչքի են ընկել առաջնորդությամբ, նորարարությամբ և որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: 1989 թվականից ի վեր մրցանակը միավորել է հանուն խաղաղության, ազատության ու ժողովրդավարության գործունեություն ծավալած գործիչներին:
Այս տարի Crans Montana ֆորումի մրցանակը՝ «PRIX DE LA FONDATION 2019»-ը, շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին և Գվինեայի Հանրապետության առաջին տիկին Ջենե Կաբա Կոնդեին։
Մրցանակը հանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Crans Montana Forum-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Ժան Պոլ Քարթերոնը մասնավորապես ասել է.
«Պարոն նախագահ, միշտ հաճելի է լսել Ձեզ: Մենք գնահատում ենք Ձեր խոսքը ոչ թե այն պատճառով, որ այն գիտնականի խոսք է, այլ՝ որովհետև այն ուսանելի է ու հստակ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց գտնվում է բավականին կարևոր և բարդ խաչմերուկում։ Զբաղեցնելով նախագահի պաշտոնը՝ Դուք հույս և հանգստություն բերեցիք։
Միասին մենք դեռ շատ անելիքներ ունենք և համատեղ կարող ենք իրականություն դարձնել դրանք։ Կուզենայի շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ Դուք անում եք»։
Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Սա շատ կարևոր ու արժեքավոր մրցանակ է: Ես այն կընդունեմ իբրև նվեր, ինչպես նաև երախտիք՝ իմ ապագա կյանքի, ապագայում իմ անելիքների համար։
Այն շատ կարևոր է, քանի որ Crans Montana-ն հատուկ վայր է ու արժեք ոչ միայն իմ սրտում և մտքում, այլև՝ ողջ աշխարհում։ Նախ և առաջ, այն յուրահատուկ կազմակերպություն է, որն ակտիվորեն աշխատում ու գործունեություն է ծավալում դեռևս կայսրությունների ժամանակաշրջանից սկսած մինչև սառը պատերազմի ավարտ, միաբևեռ աշխարհից մինչև մեր օրերի անորոշությունների շրջանը։ Ես վստահ եմ, որ այն իր յուրահատուկ դերակատարումն է ունենալու նաև վաղը, երբ ապագան ավելի մոտ կլինի։
Երկրորդը՝ ես այն համարում եմ լակմուսի թուղթ։ Crans Montana-ի գաղափարները կարող ես աշխարհագրորեն կիրառել որևէ վայրում՝ լինի դա Հարավային Աֆրիկան կամ Մերձավոր Արևելքը, Բալկանները, և ստանում ես խնդիրների, այդ թվում նաև՝ թաքնված խնդիրների գույները, որոնց մասին մարդիկ սովորաբար չեն խոսում։ Եվ սա մեծ նվաճում է։
Երրորդը, այն բավականին երիտասարդ կազմակերպություն է՝ երիտասարդ է ոգով և ունի շատ երիտասարդ նախագահ, ով չի ամաչում ամեն օր սովորել, ունի մեծ էներգիա։ Իմ բառապաշարում երիտասարդությունը կամ տարիքը կապված են գործելու և այլ մարդկանց այդ գործի մեջ ներառելու կարողության հետ։ Դրանք նաև կապված են սովորելու ու սովորեցնելու, ընկերներ ձեռք բերելու հետ։ Այս բոլոր հատկանիշները Crans Montana-ի նախագահն ու կառույցն ունեն։
Եվ վերջապես, սա հիանալի վայր է ընկերներ ձեռք բերելու համար, ապացուցելու, որ այն ամենը, ինչին հավատացել ես, ճիշտ է եղել։ Շատ ուրախ եմ, որ մեկ ու կես օրով այստեղ լինելով՝ արդեն իսկ կարողացել եմ ձեռք բերել ընկերներ աֆրիկյան երկրներից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից։ Սակայն ամենակարևորն այն է, որ ես գտել եմ մարդկանց, ովքեր ինձ հետ կիսում են նույն գաղափարները։
Ընդամենը 5-10 րոպե առաջ ես խոսում էի Գանայի նախարարի հետ այն մասին, թե որքան կարևոր է էլեկտրոնային ճանապարհով մարդկանց կապելը ողջ աշխարհով։ Եվ այդ հինգ րոպեների շնորհիվ այժմ ես կարծում եմ, որ Հայաստանը շատ ավելի մոտ է Գանային։ Եվ թերևս, մենք ունենք միևնույն առաքելությունը՝ Դուք՝ Աֆրիկայում, մենք՝ Կենտրոնական Եվրասիայում։
Ես շատ կուզեի բոլորիդ մի օր տեսնել Հայաստանում։ Կցանկանայի, որ բոլորդ այցելեք Հայաստան՝ Crans Montana-ի համաժողովին և այդ լակումսի թուղթն օգտագործեք Միջերկրական ծովում և Եվրասիայում՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում՝ սկսած Աֆղանստանից մինչև Չինաստան ու Իսպանիա։
Շնորհակալ եմ բոլորիդ, ակնկալում եմ ձեզ տեսնել Հայաստանում»։
Նախորդ տարիներին Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION» մրցանակին արժանացել են Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Ռաբինը, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, Պաղեստինի նախկին ղեկավար Յասեր Արաֆաթը, Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան, Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելեն, պորտուգալացի քաղաքական ու պետական գործիչ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ամերիկացի դիվանագետ, պետքարտուղարի օգնական Ռիչարդ Հոլբրուքը, Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և այլք:
Նմանատիպ նյութեր
1706 դիտում
17:19 12-11-2018
«Crans Montana» ֆորումի նախագահը պատրաստակամություն է հայտնել կազմակերպության գլխավոր ֆորումն անցկացնել Երևանում
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»