211652_close_icon
views-count1646 դիտում article-date 12:00 01-07-2019

Արցախի ՄԻՊ-ը Լոս Անջելեսում մասնակցել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ համաժողովին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 29-ին Լոս Անջելեսում մասնակցել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ տարեկան համաժողովին՝ ելույթ ունենալով «Արցախի բնակիչների իրավունքների խախտումների և սահմանափակությունների արտաքին պատճառները» թեմայով: Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործառույթներն ու աշխատանքի ուղղությունները: Նա ընդգծել է, որ բացի ներքին խնդիրներից, Արցախի բնակիչները հաճախակիորեն բախվում են մարդու իրավունքների խախտումների և սահմանափակությունների ադրբեջանական հետապնդումների և Արցախի՝ միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով: Պաշտպանը, մասնավորապես, անդրադարձել է ազատ տեղաշարժի, հաղորդակցության, տնտեսական զարգացման և մի շարք այլ իրավունքների խախտման օրինակներին՝ ներառյալ օդանավակայանի, ջրային պաշարների համատեղ կառավարման, քաղաքացիական ակտերի և դիպլոմների ճանաչելիության, ներդրողների հանդեպ իրականացվող հետապնդումների հարցերը: Նա ընդգծել է, որ նմանատիպ խնդիրները հանգեցնում են արցախցիների իրավունքների համակարգային խախտումների, որոնց վերացման ուղղությամբ միջազգային հանրությունը պարտավորություն ունի կատարելու: Ա. Բեգլարյանը կարևորել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի պատշաճ կիրառումը հատկապես չճանաչված պետությունների բնակիչների նկատմամբ, քանի որ նրանք զգալիորեն խոցելի են առկա մարտահրավերների առջև: Հիշեցնենք, որ Կալիֆորնիա աշխատանքային այցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության նախաձեռնմամբ:

Նմանատիպ նյութեր