Օգոստոսին Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայի հարցով եռակողմ բանակցություններ կանցկացնեն
Թեհրանի, Մոսկվայի և Անկարայի միջև Սիրիայի հարցով եռակողմ հերթական գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսին Թուրքիայում, հայտնում են իրանական և թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընին:
«Հանդիպումը կանցկացվի Իդլիբի և Սիրիայի այլ հատվածների, անվտանգությանը, անցումային գործընթացներին, սահմանադրական հանձնաժողովին և վերաբնակեցմանն առնչվող իրավիճակի հարցերի շուրջ»,- ասել է Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշվում է, որ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին Սիրիայի հարցով ևս մեկ հանդիպում է նախատեսված Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների մասնակցությամբ:
«G20 գագաթնաժողովի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել քառակողմ հանդիպման վերաբերյալ՝ անցյալ տարի Ստամբուլում տեղի ունեցածի նման։ Քառակողմ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովից առաջ»,- նշել է թուրք պաշտոնյան:
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայում հաշտեցման 3 երաշխավոր երկրներն են: Այս երկրների առաջնորդները պարբերաբար հանդիպում են Սիրիայում ընթացիկ իրավիճակի քննարկման նպատակով: