925 դիտում
12:40 10-07-2019
Դատախազությունն անցկացնում է հակակոռուպցիոն պայքարի թեմայով միջազգային երիտասարդական մրցույթ
ՀՀ գլխավոր դատախազությունը 14-ից մինչև 35 տարեկան բոլոր երիտասարդներին, այդ թվում՝ առանձին հեղինակներին, ստեղծագործական խմբերին, ուսումնական հաստատություններին սիրով հրավիրում է մասնակցելու «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի երիտասարդական նոր մրցույթին: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Հիշեցնենք՝ նախորդ տարի կայացած նույնանուն միջազգային մրցույթում ՀՀ ներկայացուցիչը ճանաչվել էր երրորդ մրցանակակիր:
Մրցույթի շրջանակներում նշված տարիքային և խմբին պատկանող անձինք կամ խմբերը պետք է որպես հակակոռուպցիոն սոցիալական գովազդ, «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով պատրաստեն պաստառներ և տեսանյութեր և մինչև 2019թ. հոկտեմբերի 1-ը ուղարկեն www.anticorruption.life պաշտոնական կայքի կարգավորումներով:
Մրցույթի մասնակցության պայմաններին, ներկայացվելիք աշխատանքների ձևաչափին, անցկացման ընթացակարգին, հեղինակային իրավունքներին վերաբերող կարգավորումներին կարելի է ծանոթանալ ինչպես վերոնշյալ հղմամբ` «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային մրցույթի կայքում, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում:
Մրցույթն ունի միջազգային ընդգրկում, որն անցկացվում է ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում: Հիմնական կազմակերպիչը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը, իսկ որպես համակազմակերպիչներ են հանդիսանում ՀՀ գլխավոր դատախազությունը, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, ինչպես նաև BRICS-ի անդամ հանդիսացող երկրների՝ Հնդկաստանի. Բրազիլիայի, ՉԺՀ-ի, Հարավաֆրիկյան Հանրապետության՝ կոռուպցիայի հակազդման լիազորություններով օժտված կառույցները: Այսինքն մրցույթը նույն կանոններով անցկացվելու է նաև նշված երկրներում:
Մրցույթին ներկայացվող աշխատանքներում՝ պաստառներում և տեսահոլովակներում, պետք է յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլվեն հեղինակների պատկերացումները կոռուպցիայի՝ իբրև անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների և բացասական հետևանքների, այդ չարիքի դեմ պայքարում իրավապահ մարմիններից հիմնական ակնկալիքների ու պահանջների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության շուրջ:
Մրցույթի նպատակն է հատկապես երիտասարության ներգրավմամբ հանրության շրջանում տարածել և ամրապնդել կոռուպցիոն ցանկացած երևույթ մերժելու, դրա դեմ անզիջում պայքարելու և այդ հարցում միասնականություն հանդես բերելու գաղափարները:
Մրցույթը բաղկացած է երկու փուլից՝ կիսաեզրափակիչ և եզրափակից, և անցկացվում է երկու անվանակարգերում՝ «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ»:
Առաջին փուլում ազգային ժյուրին հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հայաստանյան մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուր անվանակարգում կընտրի լավագույն երեքը, որոնց հեղինակները կարժանանան խրախուսական մրցանակների: Նման ընթացակարգով իրենց մրցանակակիրներին կընտեն նաև համակազմակերպիչ մյուս երկրների ազգային ժյուրիները: Այնուհետև անվանակարգերում լավագույն երեք աշխատանքները կներկայացվեն միջազգային ժյուրիին, որը կազմված համակազմակերպիչ երկրների ներկայացուցիչներից, որն էլ նոյեմբերի 1-ից 15-ին կամփոփի բոլոր երկրներից ներկայացված աշխատանքներից լավագույնների ընտրության վերջնական արդյունքները, և դեկտեմբերին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում, Մոսկվայում կանցկացվի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Նմանատիպ նյութեր
1267 դիտում
22:07 30-04-2015
«Հակակոռուպցիոն կրթության մարտահրավերները Հայաստանում» հակակոռուպցիոն միջոցառման թեմայով
Այս բաժնից
1060 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
955 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին
991 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին