211652_close_icon
views-count3020 դիտում article-date 14:55 11-07-2019

Աշխատանքի ընդունելու համար կաշառք ստանալու, կաշառք տալու գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի երեք բնակչի: Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, համաձայնության է եկել Արմավիրի մարզի 1972 թվականին ծնված բնակչի հետ՝ վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի աշխատանքի ընդունելու հարցի շուրջ` որպես կաշառք պահանջել խոշոր չափի՝ 487.290 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումար: 2017թ. նոյեմբերի 13-ին 1972 թվականին ծնված տղամարդու դուստրը աշխատանքի է ընդունվել հիշյալ դպրոցում, իսկ պայմանավորված գումարը դպրոցի տնօրենին պարտավորվել է փոխանցել աղջկա ամուսինը: Այդ նպատակով 2018թ. հունվար ամսին նա հանդիպել է դպրոցի տնօրենին, տվել 200.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մնացած մասը հետագայում հրաժարվել է վճարել: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ կնոջ հորն ու ամուսնուն՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: [color=#EF2929] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր