211652_close_icon
views-count5556 դիտում article-date 17:43 11-07-2019

Մինսկում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը. ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել ելույթով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինսկում այսօր կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ակտիվների վերադարձման ոլորտում միջազգային համագործակցության, այդ համատեքստում մասնակից երկրների օրենսդրությունները ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 5-րդ՝ «Ակտիվների վերադարձման միջոցների մասին» գլխի ներքո նախատեսված նորմերին համապատասխանեցնելու գործընթացին վերաբերող հարցեր: Որոշվել է մասնակից երկրների միջև շարունակել այս ուղղությամբ տեղեկատվության ակտիվ փոխանակումը՝ շեշտադրումը կատարելով հատկապես ակտիվների վերադարձման ոլորտում իրավական փոխօգնության պրակտիկայի բարելավման և արդյունավետության բարձրացման կառուցակարգերի վրա: Նիստի ընթացքում մասնակից երկրների պատվիրակությունները ներկայացրել են կոռուպցիայի հակազդման սեփական փորձը: Այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել անցած տարվա ընթացքում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների ռազմավարական առաջնահերթություններին ու հետապնդած խնդիրներին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, պատճառված վնասների վերականգնման ոլորտներում հիմնական արդյունքներին վերաբերող ելույթով: Արթուր Դավթյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն քննություն բռնելու և երկրի ընդհանուր զարգացման, ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգի թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության մակարդակի կտրուկ բարձրացման լիարժեք մեկնարկային նախադրյալներ, քանի որ դրանք հիմնված են դրսևորվող քաղաքական կամքի, հասարակության լիարժեք օժանդակության, իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի և վճռականության, ինչպես նաև ավելի վաղ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ մի շարք կառուցակարգերի՝ մասնավորապես ապօրինի հարստացումը քրեականացնելու, հայտարարագիր ներկայացնող և նրանց փոխկապակցված անձանց շրջանակներն ընդլայնելու իրավական հիմքերի ստեղծման, ազդարարի ինստիտուտի ներդրման վրա: Ըստ գլխավոր դատախազի՝ այս բազայի հենքին Հայաստանը ներկայումս հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացումը տեսնում է հանցավոր ծագում ունեցող գույքի բռնագրավման, երկրից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու և օրինական տիրապետողին հանձնելու իրավական մեխանիզմների կատարելագործման, հակակոռուպցիոն կենտրոնացված մոդելի ստեղծման և այլ կոնցեպտուալ ուղղություններով: «Մեր կողմից այս կառուցակարգերի ներդրման հարցում դրսևորվում է ընդգծված զգուշավորություն, քանի որ առկա է շատ հստակ նախապայման՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք լիարժեքորեն կերաշխավորեն մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքի պաշտպանության, իսկ մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի բավարարման հավասարակշռությունը»,-հավելել է Արթուր Դավթյանը: Փոխըմբռնման, վստահության և կառուցողական երկխոսության ոգով անցկացված Խորհրդի նիստի ընթացքում, ընդհանուր առմամբ ընդունվել է 10 որոշում, որոնք վերաբերում են ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների, հակակոռուպցիոն պայքարում Միջպետական խորհրդի մասնակից երկրների համագործակցության կոնցեպցիայի իրականացման արդյունքներին, ինչպես նաև հանցավորության դեմ համատեղ միջոցների 2019-2023թթ. միջպետական ծրագրով առաջիկա մեկ տարվա համար նախատեսված միջոցառումներին: Մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներն արդյունավետ են գնահատել նախորդ տարի անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային երիտասարդական հակակոռուպցիոն մրցույթը, ինչից ելնելով որոշվել է այս տարի ևս նման միջոցառում անցկացնել: Բարձր գնահատելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ նախորդ տարվա ընթացքում Միջպետական խորհրդի գործունեության դինամիկան և արդյունավետությունը՝ նիստի ընթացքում սահմանված կարգով նախագահությունը փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը: Որոշվել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հաջորդ տարվա նիստն անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում: Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արթուր Դավթյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ առանձին երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության և այլ ոլորտներում երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր