1116 դիտում
18:04 30-07-2019
ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 5.75 տոկոս
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 2019 թ. հուլիսի 30-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:
2019 թ. հունիսին գրանցվել է 1.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.6%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 2.5%` պայմանավորված գյուղմթերքների գների դրսևորված ավելի խորը սեզոնային նվազմամբ։ Միևնույն ժամանակ, ամսվա ընթացքում բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է։
Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի դանդաղման և պահանջարկի թուլացման միտումները պահպանվում են, ինչի ներքո ՀՀ հիմնական գործընկեր երկրների
ԿԲ-ները առաջիկայում կվարեն դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն։ Այս իրավիճակում հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը նույնպես շարունակում է մնալ թույլ, որի պարագայում ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդն արձանագրում է, որ երկրորդ եռամսյակում, սպասվածին համահունչ, պահպանվել են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը՝ պայմանավորված մասնավոր սպառման աճով: Տարվա երկրորդ եռամսյակում ևս իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա գնահատվում է զգալի զսպող: Ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին այն կլինի ընդլայնող, որի հետևանքով տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությունը համախառն պահանջարկի վրա էապես կփոքրանա։
Ներկա իրավիճակում ԿԲ խորհուրդը, նախապատվությունը տալով գնաճի աստիճանական վերականգնմանը, նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային գործող պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ:
Նշենք նաև, որ գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը հիմնականում նվազման ուղղությամբ են՝ պայմանավորված արտաքին աշխարհի զարգացումներով և պետական բյուջեի վարքագծով, որոնց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի մինչև 2019 թ. օգոստոսի 13-ը:
Նմանատիպ նյութեր
2629 դիտում
16:34 13-02-2018
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս
1426 դիտում
13:55 28-07-2020
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4,5 տոկոս
951 դիտում
14:05 14-06-2022
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25 տոկոս
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
712 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»