211652_close_icon
views-count1449 դիտում article-date 20:51 05-08-2019

Անչափահասները ոստիկանների ուղեկցությամբ Սևանա լիճ են այցելել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անչափահասների իրավունքների պաշտպանությամբ ու դաստիարակությամբ մտահոգ` ոստիկանությունը նրանց մասնակցությամբ հաճախ է տարաբնույթ միջոցառումներ կազմակերպում: Արդեն մի քանի տարի է, ինչ ձևավորված ավանդույթի համաձայն ամառային արձակուրդների ընթացքում երեխաները ոստիկանների ուղեկցությամբ հանրապետության գեղատեսիլ վայրեր են այցելում: Օգոստոսի 1-ին ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության նախաձեռնությամբ, Սևանում հերթական միջոցառումը կազմակերպվեց: Իրավապահների հետ Սևանա լիճ զբոսանքի էին եկել «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության Արմավիրի և Տավուշի մարզերի շուրջ 80 շահառու երեխաներ: Գեղատեսիլ Սևանա լճում երեխաները զբոսնեցին մոտորանավակով: Նրանցից շատերը ոչ միայն նավակ չէին նստել, այլև առաջին անգամ էին Սևանում: Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները զբոսանքի ընթացքում անչափահասների հետ զրուցեցին հանցագործություններից ու բռնություններից զերծ մնալու մասին: Իրավապահների նվիրած «Ոստիկանն իմ պաշտպանն է» տպագրությամբ շապիկները հպարտությամբ էին կրում: Նավակ նստելուց զատ երեխաները ոստիկանների հետ վոլեյբոլ խաղացին: Իրավապահները նրանց համար նաև հյուրասիրություն էին կազմակերպել: Ոստիկանների հոգատար վերաբերմունքից գոհ էին թե՛ «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, թե՛ երեխաները: Ոստիկաններն ամռան տապին անչափահասներին զովաշունչ օր ու բարձր տրամադրություն էին պարգևել, անմոռանալի հուշեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր