211652_close_icon
views-count1837 դիտում article-date 21:14 05-08-2019

Մարտունակ բանակ ունենալը տնտեսության զարգացման ոչ թե խոչընդոտ, այլ խթան պետք է հանդիսանա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջնահերթ է համարում զինծառայողների սոցիալական ապահովության շարունակական բարձրացումը։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/983953.html]Արմենպրես[/url]»-ը, օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում Փաշինյանը նշեց, որ չի անդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացներին, որովհետև մինչ այժմ արված իր հրապարակային հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունի։ «Արցախի հարցի խաղաղ կարգավորումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, և մենք լիարժեքորեն նվիրված ենք հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը։ Արցախի և Հայաստանի անվտանգությունը մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման միջոցով մեզ համար մնում է բացարձակ առաջնահերթություն։ Իհարկե, մեծաքանակ մարտունակ զինված ուժեր ունենալը մեր երկրի բյուջեի ծախսային մասում հսկայական տեղ ունի, և շատերը դա համարում են էական խոչընդոտ մեր երկրի տնտեսության զարգացման համար, բայց մեզ համար չափազանց կարևոր է արձանագրել այն հայեցակարգային փոփոխությունը, որ իրականացրել է մեր կառավարությունը։ Ըստ այդմ, մարտունակ բանակ ունենալու տեսլականը մեր երկրի տնտեսության զարգացման ոչ թե խոչընդոտ, այլ խթան պետք է հանդիսանա։ Հենց այս տեսլականը ի կատար ածելու համար է մեր կառավարությունում ստեղծվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որի ռազմավարական խնդիրը մեր անվտանգության կարիքները, մեր տնտեսության զարգացման շարժիչ ուժը դարձնելն է»,- ընգծեց վարչապետը։ Փաշինյանը իր կառավարության վերջին մեկ տարվա գործունեության ամենամեծ հաջողություններից մեկը համարում է հայոց բանակի մարտունակության բարձրացումը։ Նա ասաց, որ այդ ձեռքբերումների մի մասը հրապարակման ենթակա չեն, բայց հայ ժողովուրդը պետք է իմանա, որ այդ ոլորտում Հայաստանի կառավարությունը պարծենալու որոշ արդյունքներ ունի։ «Այս համատեքստում կարևոր եմ համարում այն գործընթացը, որը տեղի ունենում մեր զինվորներին բարձորակ սննդով ապահովելու համար։ Հույս ունեմ՝ տեսնում եք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ Այս փոփոխությունների հրապարակային արձագանքները ցույց են տալիս, որ այդ միջոցով հայոց բանակը մեր զորակոչիկների համար կդառնա ավելի գրավիչ և, ուրեմն, ավելի մարտունակ։ Պետք է առանձնահատուկ հիշատակեմ զինված ուժերում աշխատավարձերի բարձրացման որոշումը, որը չափազանց կարևոր է մեր կառավարության համար։ Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը մեզ համար առաջնահերթություն է, և այս իմաստով առաջնային նշանակություն ունի բնակարանային ապահովման խնդիրը։ Մենք հույս ունենք Արցախի կառավարության հետ համատեղ մինչև 2023 թվականը լուծել պաշտպանության բանակի բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրները, և մենք անպայման կլուծենք այդ խնդիրը»,- եզրափակեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր