211652_close_icon
views-count1574 դիտում article-date 13:10 12-08-2019

Տավուշում կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 40 %-ով, հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը՝ 4.5 անգամ

Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության արդյունքները: Ուսումնասիրությունը փաստում է, որ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 21 քրեական գործ: Այս ցուցանիշը 6-ով կամ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 2-ն արձանագրվել է առողջապահության, 2-ը՝ կրթության, 13-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ բնապահպանության, 1-ը զբաղվածության ոլորտներում: Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման և դրանց տարբեր համակցությունների տեսքով: 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված 21 քրեական գործերով 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքային կազմակերպության 1 տնօրեն և 1 պաշտոնատար անձ, բժշկական կենտրոնի 1 նախկին տնօրեն: Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2 անձի վերաբերյալ 2 քրեական գործ, որից 1-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ մյուս քրեական գործի դատաքննությունն ընթացքի մեջ է: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված 21 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված նախնական վնասը կազմել է մոտ 59մլն ՀՀ դրամ, որից 4մլն ՀՀ դրամը Տավուշի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, որից 2.5մլն-ը՝ դատարան ուղարկված 2 քրեական գործերով նախաքննության ընթացքում: Ընդ որում՝ կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցված քրեական գործերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (մոտ 13մլն դրամ) գերազանցում է գրեթե 4.5 անգամ, իսկ վերականգնված վնասը՝ կրկնակի անգամ (2018թ. առաջին կիսամյակում՝ 2մլն դրամ): Վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ կիրառվում է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ:

Նմանատիպ նյութեր