211652_close_icon
views-count4339 դիտում article-date 21:58 13-08-2019

Հայաստանը «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի հաղթողն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ հայկական կողմն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար: Մեր պետությունը երկրորդ տարին անընդմեջ է հյուրընկալում մրցույթի մասնակիցներին, ինչի շնորհիվ ընդլայնվել է մրցույթի աշխարհագրությունը, Հայաստանն էլ դարձել է նմանատիպ միջոցառումների անցկացման համընդհանուր ճանաչում ունեցող հարթակ: -Նախորդ տարվա հետ համեմատած՝ ակնառու է մասնակից թիմերի ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության զգալի աճը: Եվ հատկապես այդ համատեքստում ուրախալի է հայկական թիմի հաղթանակը: Սա Հայաստանի զինված ուժերի առաջին հաղթանակն է տվյալ մրցույթում, նաև միջազգային բանակային խաղերի շրջանակում, -ընդգծել է նախարարը: Դավիթ Տոնոյանը նաև հույս է հայտնել, որ մասնակիցներին հաջողվել է մոտիկից ծանոթանալ մեր ժողովրդի պատմությանն ու ավանդույթներին և նրանք Հայաստանից հեռանում են վառ և անմոռանալի տպավորություններով ու զգացումներով: Իսկ մրցույթի ամեն օրը փաստել է, որ ռազմամարզական միջոցառումները միշտ եղել են ընկերության, գեղեցկության, ֆիզիկական կատարելագործման ձգտման յուրահատուկ խորհրդանիշ: Մրցավարական հանձնաժողովի գրանցած արդյունքներով «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ լավագույնը ՀՀ զինված ուժերի թիմից լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երկրորդ տեղում ՌԴ թիմից սերժանտ Լիլիա Դաուտովան է, երրորդը Հունաստանից սերժանտ Կուտուզօղլու Գեստիմանիսն է: Տղամարդկանց մեջ առաջին տեղում Ռուսաստանից լեյտենանտ Միխայիլ Իվանովն է, երկրորդ տեղում՝ հայ զինծառայող, լեյտենանտ Հայկ Գրիգորյանը, երրորդ տեղում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ավագ լեյտենանտ Մազիար Հեյդարին: Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ղազախստանի զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմն է: Մրցույթում լավագույն արդյունքներն է ցույց տվել և հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմը: Բոլոր մրցանակակիրները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվել է ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր