211652_close_icon
views-count3000 դիտում article-date 15:48 01-09-2021

Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում

Մոնթե Մելքոնյան վարժարանում տեղի ունեցավ «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման արարողությունը:

«Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում հաղթել է Հայաստանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, երրորդը Ղազախստանն է:

«Խաղաղության մարտիկ» անհատական կատեգորիայում հաղթող է ճանաչվել ՀՀ Զինված ուժերը ներկայացնող ավագ լեյտենանտ Հայկ Ավագյանը:

Մրցույթի փակման արարողությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, այլ բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՀԱՊԿ երկրներից և մասնակից երկրների պատվիրակությունները։

«Խաղաղության մարտիկ-2021» մրցույթը մեկնարկել էր օգոստոսի 22-ին:  Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների և Քաթարի Պետության զինված ուժերի ներկայացուցիչները: Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Չորրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:

Նմանատիպ նյութեր