211652_close_icon
views-count1786 դիտում article-date 12:03 22-08-2019

Դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրում ընդգրկվել է ևս 400 շահառու

Կառավարությունը 77 միլիոն 334 հազար դրամ գումար հատկացրեց դայակների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրի իրականացումն ապահովելու համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս տարի ծրագիրը ընդլայնվել է՝ ընդգրկելով ևս 400 անձի։ «Նախագծի նպատակն է ապահովել մինչև 3 տարեկան երեխաների խնամքի արձակուրդում գտնվող անձանց, երեխայի մինչև 2 տարի լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքը աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման իրականացումը։ Այսինքն՝ նախորդ և այս տարվա ընթացքում բոլորին շատ հայտնի դայակների ծրագրում ընդգրկված շահառուներին համապատասխան վճարումներ կատարելը։ 2018 թվականին վերը նշված միջոցառմամբ նախատեսվել էր ընդգրկել 200 շահառուի, սակայն, պահանջարկից ելնելով, ընդլայնել ենք ծրագիրը և ընդգրկել 472 անձի։ Այս տարի ևս 400 շահառուի համար ֆինանսավորում ենք նախատեսել»,- ասաց Բաթոյանը։ Նախարարը նշեց, որ որոշման արդյունքում վերաբաշխման միջոցով լրացուցիչ 77 միլիոն 334 հազար դրամ գումար կհատկացվի նախորդ և այս տարվա ընթացիկ ծրագրերում ընդգրկված շահառուների վճարելու համար։ Բաթոյանը հավելեց, որ ցանկացողները շատ են, և այս դեպքում առաջնահերթությունների կարգ է սահմանվել։ «Դա այն քաղաքացիներն են, ովքեր ընտանեկան նպաստ են ստանում, մինչև 2 տարեկան երկու և ավելի երեխաներ ունեն կամ ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա և այլն։ Մենք վերանայում ենք ծրագիրը, որպեսզի կարողանանք արդյունավետությունը բարձրացնել և ընդլայնել ծրագիրը, ուղղակի մենք պետք է կարողանանք երկու տարվա ֆինանսավորումը ապահովել»,- ասաց Բաթոյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր