211652_close_icon
views-count1718 դիտում article-date 10:20 25-08-2019

Գյումրու օրվա միջոցառումների հետ կապված փակ կլինեն մի շարք փողոցներ

Գյումրին օգոստոսի 25-ին նշում է «Գյումրու օր»-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակում ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Ամենակարևոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված «Շիրազի» փողոցի վերաբացումն է: Նորաբաց Շիրազի փողոցում գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով: Տոնական օրը յուրովի կներկայանան նաև քաղաքի թանգարանները, իսկ ժամը 17։00-23:00-ը տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ: Համերգին ելույթ կունենան նաև հայտնի երգչուհիներ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը: «Քաղաքի օր» միջոցառմանը ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լինելու են հյուրեր ոչ միայն հանրապետության տարբեր համայնքներից, այլ նաև տարբեր երկրներից: Օրը կավարտվի կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով և հրավառությամբ: Միջոցառումների հետ կապված օգոստոսի 25-ի վաղ առավոտից փակ են Գյումրու կենտրոնական մի քանի փողոցներ։ Քաղաքային տրանսպորը կաշխատի մինչև ուշ գիշեր, իսկ մայրաքաղաքից հյուրերի այցը ապահովվելու համար միայն օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների չվացուցակում իրականացվել են փոփոխություններ ՝ միանգամից 2 գնացք է լինելու՝ 9:00-ին և 9:40-ին, իսկ վերադարձը Երևան 23:15-ին և 23:45-ին:

Նմանատիպ նյութեր