211652_close_icon
views-count3422 դիտում article-date 20:50 05-09-2019

Ոստիկանությունն ամփոփում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվեց օգոստոսի 30-ին: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Շուրջ մեկ ամիս տևած միջոցառումը համակարգում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը: Միջոցառման նպատակն է ՀՀ տարածքում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Օգոստոսի 5-ից 30-ը ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները մասնակցել են կանխարգելիչ միջոցառմանը։ Այս ընթացքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է շուրջ 56 տոննա կանեփի և 42 կիլոգրամ կակաչի վայրի աճած զանգված: Բացի այս, իրավապահների հատուկ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են նաև կանեփի մշակված բույսեր։ Միջոցառման շրջանակներում իրականացված զննությունների և խուզարկությունների արդյունքում տնամերձ հողամասերից հայտնաբերվել է 30 հազարից ավելի կանեփի բույս։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ ուղղված անզիջում պայքարի ընթացքում առգրավվել են տարբեր քանակի մարիխուանա, ափիոն, դեզոմորֆին, մեթամֆիտամին, կանեփ, հաշիշ, սուբուտեքս և տարբեր տեսակի հոգեմետ դեղահաբեր։ Միջոցառման ընթացքում թմրամիջոցների հայտնաբերմանը զուգահեռ, բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն է հանձնվել տարբեր տեսակի զենք և զինամթերք: Կամավոր հանձնվել է 3 ինքնաձիգ, 24 նռնակ, 5 պահունակ, 17 ատրճանակ, 14 հրացան, 21 պայթուցիչ, 3 արկ, 6 պայթաղյուս, 2 նռնակ, 2 հրազեն, 4 ամունալ և տարբեր տրամաչափի 2872 փամփուշտ։ Միջոցառման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ՀՀ և այլ երկրների քրեական օրենսգրքերի տարբեր հովածների հատկանիշներով հետախուզվող 77 անձ։ «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում արձանգրվել է երկու հարյուրից ավելի դեպք, 33-ի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը անցկացվում է բույսերի աճման և զարգացման շրջանում։ Թեև ավարտվեց «Կանեփ-կակաչ-2019» միջոցառումը, սակայն ոստիկանությունը չի պատրաստվում թուլացնել ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տեմպերը։ Հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր