211652_close_icon
views-count1761 դիտում article-date 14:58 14-09-2019

Իջևանում նախարար Պապիկյանը ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 14-ին Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը նկատել է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի նշանակմամբ Իջևանում այսօր կարևոր փուլի մեկնարկ է տրվում` պայմանավորված համայնքում առաջիկայում սպասվող բաց և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու ու նոր Հայաստանի ոգուն և էությանը համապատասխան գործունեություն ծավալող համայնքի ղեկավար ունենալու հրամայականով։ «Պարոն Ղալումյանն իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերել է լավ կառավարչի որակներ և որպես իջևանցի ունի բարի համբավ։ Իհարկե, այս ընթացքում նրա ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, քանզի առաջիկա մի քանի ամիսներին մենք նրանից ակնկալում ենք հեղափոխական քայլեր համայնքի տնտեսության առողջացման, համայնքի բնակչության ոգու և տրամադրությունների բարձրացման հարցում, ինչը տարածաշրջանի ու Իջևան համայնքի համար պետք է զարգացման նոր էջ բացի»,- ասել է նախարարը: Եվս մեկ անգամ շնորհավորելով Հայկ Ղալումյանին պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը նրան հաջողություններ է մաղթել Իջևանում նոր Հայաստանի քաղաքական մշակույթն ամրացնելու կարևորագույն առաքելության ճանապարհին: Իր հերթին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ևս շնորհավորել է նորանշանակ համայնքապետին և վստահություն հայտնել, որ Հայկ Ղալումյանը, որպես նոր ավյունով մարդ, կարող է շատ լուրջ խթան հանդիսանալ մարզպետարանի հետ արդեն ձևավորված համատեղ աշխատանքներում: Ըստ մարզպետի՝ առաջիկա ամենամեծ խնդիրը Իջևանում բարձր մակարդակով, անթերի և որակյալ ընտրական գործընթաց կազմակերպելն է, որն օրինակ կծառայի ամբողջ Հայաստանի համար: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, հավաստիացնելով, որ անվերապահորեն կնվիրվի իր գործին՝ առաջնորդվելով բացառապես արդարության սկզբունքով, ինչպես դա կանի իր քաղաքը սիրող յուրաքանչյուր մարդ: «Համոզված եմ, որ մեր հաջողությունների երաշխիքը ՀՀ նոր իշխանությունն է և նրա հետ համագործակցությունը»,- եզրափակել է Հայկ Ղալումյանը:

Նմանատիպ նյութեր