211652_close_icon
views-count2213 դիտում article-date 19:18 25-09-2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսել նաև Գում-ի շուկայի հարակից տարածքում) գործող մսի իրացման տաղավարներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հանրապետության մարզերի մսի շուկաների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը զուգահեռ, անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսել նաև Երևանի Խորենացի փողոցում (Գում-ի շուկայի հարակից տարածքում) գործող մսի իրացման տաղավարներում: Նպատակն է հսկել ստացված մսի ծագումն ու տեղափոխման պայմանները, ինչպես նաև ստուգել մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր շրջել է Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերում, տնտեսավարողներին հորդորել պահպանել մսի և ենթամթերքի շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր պահանջները և գործուն քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար: «Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն, որպեսզի տնտեսավարողը կարողանա սահմանված ժամկետներում կատարել անցումը սպանդանոցային մսի վաճառքի, ինչպես նաև ապահովել մեր բնակչությանը սառնարանային պայմաններում պահվող, անասնաբուժասանիտարական անհրաժեշտ փաստաթղթեր ունեցող, սանիտարահիգիենիկ բավարար պայմաններում վաճառվող մսով»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը: Սեպտեմբերի 16-ից Տեսչական մարմնի մասնագետները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Եղել են դեպքեր, երբ սպասարկող անասնաբույժի տրամադրած փաստաթուղթը չի համապատասխանել առկա մսեղիքին: Բոլոր այն դեպքերում, երբ միսը կասկածելի է համարվել, կատարվել է նմուշառում (67 նմուշ) և տրվել անասնաբուժասանիտարական փորձաքննության հենց խորենացու փողոցում տեղակայված շարժական լաբորատորիայում: Արձանագրվել է 4 դեպք, երբ վերցված նմուշները պիտանի չեն եղել սննդի համար. այդ խմբաքանակները ոչնչացվել են: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ միսը տեղափոխվել է մսի տեղափոխման համար չնախատեսված, սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող մարդատար ավտոմեքենաներով: Այդ մսեղիքը նույնպես ենթարկվել է անասնաբուժասանիտարական լաբորատոր փորձաքննության: Մսի շուկայում պարբերական ստուգումները շարունակվելու են, և ևս մեկ անգամ տնտեսավարողներին հիշեցնում ենք. միսն ու ենթամթերքն անհրաժեշտ է ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում, վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների և սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ և ստուգիչ սարքերով, սառնարաններով, մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր արտահագուստ, իսկ յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը վաճառքի կետերում պարտադիր է: Հիշեցնում ենք նաև, որ ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային մորթի նորմի պարտադիր պահանջը, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար: http://snund.am/%d5%a9%d5%a1%d6%80%d5%b4-%d5%b4%d5%bd%d5%ab-%d5%be%d5%a1%d5%b3%d5%a1%d5%bc%d6%84%d5%ab-%d5%af%d5%a5%d5%bf%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bd%d5%a1%d5%bf%d5%b4-%d5%ad%d5%b8%d5%b7%d5%b8%d6%80%d5%a1%d6%81%d5%b8/ [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր