4699 դիտում
18:46 01-10-2019
Ղազախստանի նախագահը հաջող է գնահատում ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը
Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը լինելու է կարևոր քայլ ինտեգրացիոն զարգացման հաջող ընթացքի համար: «[url=https://armenpress.am/arm/news/990082.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի ընթացքում ունեցած ելույթում նշեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայկական կողմին, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի ընդունելության համար: Կցանկանայի նշել, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունն անցնում է հաջողությամբ, և այն իր օգտակար ներդրումն է ունենում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցում: Շնորհակալություն եմ հայտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, որն էական ներդրում ունի մեր կազմակերպության ինտեգրացիոն գործընթացի զարգացման գործում»,-ասաց Ղազախստանի նախագահը:
Նա վստահություն հայտնեց Երևանում անցկացվող Բարձրագույն խորհրդի նիստի արդյունավետության հարցում: Ղազախստանի նախագահը նշեց, որ ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային առևտրի ոլորտում կարևոր օղակներից մեկը: Փոխադարձ շահավետ համագործակցության համար այն բաց է արտաքին գործընկերների հետ:
«Այդուհանդերձ շատ արագ աճող մրցակցությունը, առևտրային պատերազմները իրենց բացասական հետևանքներն են թողնում համաշխարհային տնտեսության կայունության վրա: Այդ իսկ պատճառով պետք է ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների, որոնց լուծումները կօգնեն հաղթահարել նշված բացասական գործընթացները»,-ասաց նա:
Ղազախստանի նախագահի փոխանցմամբ՝ ընթացիկ տարում նկատվում է առևտրաշրջանառության ծավալի կրճատում: 2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ ԵԱՏՄ-ի առևտրաշրջանառությունը երրորդ երկրների հետ կրճատվել է 2 տոկոսով, միության անդամ երկրների առևտրաշրջանառությունը՝ ավելի քան 5 տոկոսով:
«Համաձայնեք, որ դա դրական միտում չէ: Գլոբալ դժվարին իրավիճակում շատ կարևոր է, որ կարողանանք ապահովել կայուն տնտեսական աճ մեր պետությունների համար, իսկ դա հնարավոր է ռեալ և փոխադարձ շահավետ համագործակցության պարագայում: Մեր երկրները պետք է շարունակեն վերացնել ներքին շուկայի արգելքները: Այս թեման մի քանի անգամ ենք քննարկել, այսօր ևս անդրադարձ է եղել: Մենք ստեղծել ենք անհրաժեշտ նորմատիվ բազա ազատ առևտրի համար, դա, իհարկե, հաջողություն է, սակայն դեռ անելիքներ կան այս ուղղությամբ՝ տարբեր սահմանափակումներ վերացնելու համար»,-ասաց նա:
Ղազախստանի նախագահի խոսքով` ԵԱՏՄ-ն գտնվում է համաշխարհային շուկաների խաչմերուկում, այս ուղղությամբ ներուժը բավական մեծ է, այսօր միությունը համարվում է կարևոր տրանսպորտային հանգույց՝ կապելով Արևելքն ու Արևմուտքը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է այդ հնարավորություններից ճիշտ օգտվել:
Նա կարևորեց առաջատար տեխնոլոգիաների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, տնտեսության թվայնացումը: Կասիմ Ժոմարտ-Տոկաևը տեղեկացրեց, որ Ղազախստանում այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են:
Նա առանձնացրեց ԵԱՏՄ-ի գործընկերների շրջանակն ընդլայնելու աշխատանքները: Մասնավորապես խոսեց Սինգապուրի և Իրանի հետ կնքված համապատասխան համաձայնագրերի մասին՝ ընդգծելով, որ լուրջ հնարավորություններ են բացվում: Նա տեղեկացրեց, որ Իրանի հետ համագործակցության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 27-ին:
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցում են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին ներկա է՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար: Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ 2018թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ և Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը: 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:
Նմանատիպ նյութեր
563 դիտում
11:13 26-01-2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունը մեզ հույս է ներշնչում. Փաշինյան
1570 դիտում
15:39 29-01-2019
ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնած Հայաստանի առաջնահերթությունն է խոչընդոտների վերացումը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8888 դիտում
16:09 06-12-2018
ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնում է Հայաստանը
Այս բաժնից
3055 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2860 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր