Քննարկվել են Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության և կենդանիների հատուկ հիվանդությունների գծով նախարարի տեղակալ Քարիմ Ամիրիի գլխավորությամբ:
Կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ կենդանիների տարանցիկ տեղափոխումն իրականացվելու է միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան: Նա պատրաստակամություն է հայտնել Իրանի սննդամթերքի անվտանգության և կենդանիների հատուկ հիվանդությունների գծով մասնագետներին տրամադրել տեղեկություններ կենդանիների առողջության պահպանմանն ուղղված պետական միջոցառումների, պատվաստումների պլանավորման, ինչպես նաև վերահսկողական գործիքների ու մեխանիզմների մասին: Հյուրերին կտրամադրվի նաև անհրաժեշտ օրենսդրական փաթեթը:
Ըստ Քարիմ Ամիրիի, այս հանդիպումը կնպաստի ոչ միայն ԻԻՀ հայկական գյուղատնտեսական կենդանիների արտահանման ծավալների մեծացմանը այլև կխթանի այլ երկրներ արտահանելու համար՝ օգտագործելով Իրանի՝ որպես տարանցիկ երկրի, հնարավորությունները:
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել հնարավոր բոլոր միջոցներով նպաստել երկու երկրների միջև արտահանման ծավալների մեծացմանը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am