Թուրքական մամուլն անդրադարձել է ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին
Թուրքական մամուլն անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/10/11/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%8D%D5%AB%D6%80%D5%AB%D5%A1-%D6%84%D5%B8%D6%82%D6%80%D5%A4/166694]Ermenihaber.am[/url]-ը։
Ռազմական գործողություններին արձագանքած երկրներին բաժանելով «յուրայինների» և «հակառակորդների» ճամբարների՝ թուրքական մամուլի հրապարակումներում առանձնացվել են դեմ և կողմ արտահայտված երկրների ցանկը։
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական բանակի սկսած ռազմական գործողությունները դատապարտող երկրների շարքին են ավելացել նաև Հունաստանը և Իսրայելը։ Հունաստանն այս ռազմական օպերացիան բնորոշել է որպես օկուպացիա և հայտարարել, որ այդ գործողություններն ապօրինի են։
Իսրայելն էլ զգուշացրել է Թուրքիային, որ հանկարծ չփորձի էթնիկ զտման քաղաքականություն իրականացնել՝ հայտարարելով. «Խիզախ քուրդ ժողովրդի կողքին ենք և պատրաստ ենք աջակցելու»։
Ըստ թուրքական մամուլի հրապարակումների՝ Թուրքիայի իրականացրած ռազմական գործողություններին կողմ են արտահայտվել և իրենց զորակցությունն են հայտնել Պակիստանը, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը, Հունգարիան , Կատարը և Իսպանիան։
Ռազմական գործողությունները դատապարտող երկրների շարքում են Սաուդյան Արաբիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Հոլլանդիան, Եգիպտոսը, Կանադան, Դանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը և Հայաստանը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների բնորոշման՝ Ռուսաստանը չեզոք դիրք է գրավել այս հարցում։