171221 դիտում
13:59 13-10-2019
Լարված իրավիճակ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում. սպանության վայրում ոստիկանների ու քննիչների հմուտ գործողության արդյունքում կանխվեց վենդետան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Քիչ առաջ ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ), ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ (բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, օպերգծով տեղակալ Կարեն Հարությունյանի և ծառայության գծով տեղակալ Զորիկ Թազայանի գլխավորությամբ) և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության (վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչների (բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և ավագ քննիչ Եդիգար Թորոսյանի գլխավորությամբ) Գեղանիստ գյուղի 1-ին փողոցում կանխեցին վենդետան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում քննչական փորձարարություն էր կատարվում, որտեղ սպանության կասկածանքով Արարատի մարզի ոստիկանների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ Մասիսի ոստիկանություն ներկայացած 34-ամյա Արսեն Համբարձումյանը ներկայացնում էր, թե ինչպես և ինչ պայմաններում է տեղի ունեցել սպանությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանության վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանները, իսկ ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մարդ սպանելը դառել ա մի բաժակ ջուր խմել։ Հիմա, որ սպանվածի հարազատները գան ու վրեժխնդիր լինեն, ի՞նչ է, նրանց է՞լ են սպանելու։ Օրենքը պետք է գործի։ Մեզ մնա, հիմա էլ վենդետա կանենք։ Բայց դե բախտը բերել ա, որ ոստիկանական մի ամբողջ բանակ ա ստեղ։ Բայց ոչինչ, ճտերն աշնանն են հաշվում»։
Ֆոտոլրագրողի հարցին, թե վենդետայով հարց չի լուծվի, թողեք՝ օրենքը գործի, նրանք պատասխանեցին. «Ի՞նչ է, նա օրենքո՞վ ջահել տղու գլուխը կերավ։ Երկուսն էլ մի գյուղից են, հիմա էդ 2 ընտանիքների մեջ պապական թշնամանք ա գնալու։ Էլի ենք ասում՝ եթե էսքան միլիցեք ու քննիչներ չլինեին, մենք ականատես էինք լինելու վրեժխնդրության»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում սպանության կասկածանքով ձերբակալվածի փաստաբանը անընդհատ փորձում էր խոչընդոտել լրագրողի օրինական աշխատանքին՝ ասելով, որ «դուք իրավունք չունեք տեսալուսանկարահանելու, իրավունք չունեք այս մասին բարձրաձայնելու, քանի որ անձնական տվյալներ էք հրապարակում»։
Հարգելի փաստաբանին ուզում ենք լսեցնել հայտնի խոսքը. «Աշխարհ, կանգնիր, իջնող կա»։
Դեպքի վայրի քննչական փորձարարությունը կատարելուց հետո ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների ուղեկցությամբ կասկածյալին տեղափոխեցին համապատասխան վայր։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/13/1137730/]հայտնել [/url]էինք, երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, այնուհետև կատարելով բացատրական աշխատանքներ, հայտնաբերել էին նույն օրը Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Կարապետյանին սպանողին։
Արարատի մարզի ոստիկանները մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ այնուհետև սկսել էին բացատրական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվող նույն գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արսեն Համբարձումյանը ինքնակամ ներկայացել էր ոստիկաններին։
Արդեն տեղում ոստիկանների հերթական բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Համբարձումյանը հայտնել էր, թե որտեղ էր հանցագործության գործիք հանդիսացող «Վալտեր M13» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը։
Ոստիկանները Ա. Համբարձումյանին և հանցագործության գործիք հանդիսացող հրացանը ներկայացրել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ Ա. Համբարձումյանը ձերբակալվել էր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+