211652_close_icon
views-count1116 դիտում article-date 20:53 17-10-2019

Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Լի Սոկ-Բեն (Lee Sok-bae) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և վստահություն հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի սերտացման և առկա ներուժի իրացման համար։ Հանդիպման ընթացքում Ավետ Ադոնցը և Լի Սոկ-Բեն քննարկեցին երկու երկրների միջև զբոսաշրջության, նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խթանմանը, առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձան նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային խնդիրների: ԿՀ դեսպանը ներկայացրեց Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի շուրջ տիրող իրավիճակը։ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումները և առաջնահերթությունները։

Նմանատիպ նյութեր